Մատչելիության հղումներ

Ինձ համար մեծ ցավ է, երբ մշակույթ և արժեքներ արարող մեծությունները անտեսվում են. Վահան Վարդապետյան


Բարսեղ Թումանյան և Վահան Վարդապետյան
Բարսեղ Թումանյան և Վահան Վարդապետյան

Անվանի բժիշկ, երաժշտագետ, մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ամենամտերիմ բարեկամ, նրա արվեստի նվիրյալ Վահան Վարդապետյանը վերջերս ֆեյսբուքյան իր երեք գրառումներով անդրադարձել էր մի ուշագրավ խնդրի, որ կարծես ազգային ավանդական երևույթ դարձած լինի հայ իրականության մեջ՝ կյանքի օրոք մեր մեծ արվեստագետներին անտեսելու, նրանց ներուժը չօգտագործելու և նրանց մեր իրականությունից օտարելու ցավոտ խնդրին։

Այս անգամ խոսքը մեր լավագույն երգիչներից Բարսեղ Թումանյանի մասին է։ Նա հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում, բայց արդեն որերորդ տասնամյակն է մեր օպերային թատրոնում նրա ստեղծագործական գործունեության համար այդպես էլ հնարավորություններ չեն ստեղծվում, «Ազատության» հետ զրույցում ցավով շեշտում էր Վարդապետյանը. - «Օրեր առաջ հիացմունքով նայեցի տպավորիչ դերակատարումները Աստանայի օպերային թատրոնում։ Ընթերցեցի օպերայի տնօրինության իրեն ուղղված երախտագիտության խոսքը։ Նոր է վերադարձել նա, սակայն շուտով Վիեննայի երաժշտական ակադեմիայի հրավերով մեկնելու է իր վարպետության դասերը տալու։ Հայաստանում տարիներ շարունակ սպասում է ու սպասում, քանի որ օպերային թատրոնը ո'չ վարպետի կարիքն ունի, ո'չ վարպետության դասերի, ո'չ էլ աշխարհում գնահատված ու այսօր էլ մեծ պահանջարկ վայելող արվեստագետի։ Օպերային արվեստի արքա Դոմինգոն իր բացառիկ կարծիքն է հայտնել Բարսեղ Թումանյանի մասին։ Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ Նամակ է գրել, որ Բարսեղը կարող է ոչ միայն Ամերիկայի, այլև աշխարհի ցանկացած օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել»։

Հարցին, թե ի վերջո ինչու է հենց ինքը Վահան Վարդապետյանը բարձրաձայնում այս խնդիրը, չէ՞ որ պատկան մարմիններ կան, որոնց շնորհիվ դեռ տարիներ, տասնամյակներ առաջ կարող էր այս հարցը լուծում ստանալ մշակույթի տարբեր նախարարների և օպերային ղեկավարների օրոք, հնչեց հետևյալ պատասխանը. - «Ինձ համար մեծ ցավ է, երբ մշակույթ և արժեքներ արարող մեծությունները անտեսվում են, զրկվում հայրենիքին ծառայելու հնարավորությունից։ Իմ երկար տարիների պայքարի փորձառությամբ և արդյունքի հասնելու վճռականությամբ ես դիմեցի մեր արվեստասեր հասարակությանը, միտք ու ճաշակ, սիրտ ու հոգի ունեցող յուրաքանչյուրին, բոլորին՝ արձագանքելու և պահանջելու վերջապես բացել Բարսեղ Թումանյանի՝ դեպի օպերային թատրոն տանող ճանապարհը, Սպենդիարյանի անվան օպերայի համար կյանքի ճանապարհը։ Եվ մեկ շաբաթվա ընթացքում իմ երեք հրապարակումները դիտեցինք շուրջ 300 հազարը, հավանության արժանացրեցին շուրջ 5 հազարը, իսկ 5 հարյուրը բացառապես հրաշալի կարծիքներ գրեցին։ Այդ թվում հանրահայտ երաժիշտներ, երգիչներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, գիտնականներ ու մանկավարժներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Ես սպասում էի, որ շատ-շատերն են արձագանքելու, բայց այսքան բուռն, տրամաբանված ու պահանջկոտ, ուղղակի աննկարագրելի ու աներևակայելի էր։ Եվ սա վկայությունն է այն իրողության, որ անգամ մեր հայրենիքի համար դժվարագույն ժամանակահատվածում մեր հասարակությունը շարունակում է ապրել մշակութային բարձր արժեքների գնահատմամբ։ Այս ամենը վկայում է նաև Բարսեղ Թումանյանի մեծ ժողովրդականության մասին և հայրենի մշակույթին և օպերային արվեստի զարգացմանը ծառայելու համընդհանուր պահանջի մասին»։

Ի պատասխան հարցին, թե որքանով լսելի կդառնա մեր մշակութասեր հանրության պահանջը Բարսեղ Թումանյանի ներուժը օպերային թատրոնում իրականացնելու և այնտեղ նրա գործունեությունը ապահովելու համար, Վահան Վարդապետյանը հույս հայտնեց, որ իրենց ձայնը անպատասխան չի մնա պատկան մարմինների կողմից. - «Արդեն իսկ մեր ձայնը լսելի է։ Եվ դեռ կշարունակենք ավելի լսեցնել։ Բարձր գնահատենք ու փայփայենք ամենամեծ ժողովրդավարական արժեքը՝ խոսքի ազատությունը, որից այդքան շռայլորեն օգտվում ենք։ Եվ մեր այս մշակութային շարժումն էլ թող ոչ թե ավելացնի մեր պետության առջև ծառացած բազմաթիվ հոգսերը, այլ ընդհակառակը՝ նպաստի մի կարևոր և ցավոտ խնդրի լուծմանը։ Մեծ համոզում ունեմ, որ այս հարցը պետք է անպայման ստանա իր լուծումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG