Մատչելիության հղումներ

Հրապարակի տոնական լուսավորության ոչ մասնագիտական ապամոնտաժումը կարող է խորացնել շենքերին պատճառված վնասը


Արժե՞ր արդյոք մի քանի օրվա ուրախության համար ծակել Հանրապետության հրապարակում Ալեքսանդր Թամանյանի, Մարկ Գրիգորյանի գրեթե հարյուր տարի առաջ նախագծած ու կառուցած շենքերը։

Տարեվերջին, երբ սկսեցին մայրաքաղաքը զարդարել, ճարտարապետները վանդալիզմ ու տգիտություն որակեցին պատերը ծակելու միջոցով հրապարակը լուսավորելու գործընթացը։ Պատասխանատուներից երկուսը` Երևանի քաղաքապետարան ու Կրթության նախարարությունը, սակայն, կատարվածի մեջ ոչ մի վատ բան չտեսան։

«Անկեղծ ասած, վնաս որպես այդպիսին քաղաքի չի կրել», - հայտարարել էր փոխքաղաքապետ Ավինյանը։

«Վնաս եթե փոքրիկ նույնիսկ լինի, հարյուր տոկոսով պարտավորվել են, որ ամեն ինչ կվերականգնվի», - նշել է ԿԳՄՍ նախարարը։

Մարդկանց ուրախություն ենք պարգևում, վստահեցնում էին պաշտոնյանները՝ ավելի քան համոզված լինելով, որ հիշվելու են շքեղ լույսերը, ոչ թե պատմական հուշարձան շենքերի ծակած պատերը։

Իսկ մարդկանց կարծիքները տարբեր են։ «Արժեր, որովհետև մենք մեր դեմքն էինք ցույց տալիս աշխարհին Եվրատեսիլին», - իր կարծիքն այսպես ձևակերպեց երևանցի մի կին։

«Ինձ թվում ա, որ չի կարելի էդպես վերաբերվել էդ շենքերին, որոնք հարյուր տարի ա կանգնած են», - ասաց մեկ այլ կին։

Ավելի քան 2 միլիոն դոլար արժեր տոնական Երևանը։ Քաղաքապետարանը գնումները մեծամասամբ մեկ անձից էր իրականացրել, առանց բաց մրցույթի։ Շուրջ կես միլիոն դոլարը ծախսվել էր լույսերի վրա։ «Սինեմարտ» ընկերությունն էր շենքերի վրա անցքեր բացել, հիմա, քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով, պետք է վերականգնի շեմքի արտաքին տեսքը՝ դրանք լցնելով։

Տիգրան Գլաստյանը մեկն էր այն ճարտարապետներից, որ շաբաթներ առաջ ահազանգում էր՝ հուշարձան շենքերին հասցված վնասը ոչ մի ցեփամածիկ չի փակի, վնասն անդառնալի է. - «Ոնց որ ասում են՝ կռվից հետո ձեռները թափ չեն տալիս, բայց մեկ ա, մեր անհանգստությունը մենք հայտնեցինք»։

Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր նախագահ Ալեքսանդր Բադալյանն ափսոսում է՝ ժամանակին այդպես էլ չկարողացան կանխել այս գործընթացը։ Շենքերի վրա անցքեր բացելուց օրեր անց պալատը պահանջել էր դադարեցնել աշխատանքները, պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին։ Դրանցից և ոչ մեկը տեղի չունեցավ։

Այսօր պալատի նախագահը նոր վտանգ է տեսնում՝ ինչպես են հիմա էլ ապամոնտաժելու, որպեսզի խորհրդային ժամանակներից շարունակաբար բզկտվող շենքերին է'լ ավելի մեծ վնաս չպատճառեն. - «Հիմա եթե տան նույն կազմակերպությունը նույն ձևի՝ չասեմ բարբարոսաբար, բայց ոչ մասնագիտական վերաբերվեն, համարում եմ սխալ։ Դրա դեմոնտաժի համար պետք ա լինի լուծումներ։ Որովհետև էդտեղ մի տեսակի վնաս չի»։

Ալեքսանդր Թամանյանն օգտագործվել է ֆելզիտ քարը, որը, ըստ Բադալյանի, շատ փխրուն է, ուստի առանց մասնագիտական լուրջ քննարկումների, առանց վնասը գնահատելու, չի կարելի պարզապես փակել անցքերը. - «Հետագա վնասները չշատանան։ Որովհետև եթե էդ անցքը բացեն, մյուս տարիների ընթացքում էդտեղ խոնավորություն լինի, խոնավորությունը ներթափանցի ավելի խորը, դա կբերի քարի ճաքելուն և մնացած ամեն ինչին։ Ես կարծում եմ, պետք է լինի մասնագետների հանձնաժողով։ Ոչ թե թողնել կազմակերպությանը, որը դա իրականացրել ա, նույն ձևի իրանք վերացնեն։ Իրանք արագի մեջ կհանեն սաղ, կասեն՝ տեսեք ինչ լավ ա։ Եթե մենք իրականացնելու հետո իմացանք դրա մասին, հիմա մենք գիտենք ինչ պետք ա արվի, ու պետք չի շատ վռազել»։

Նախարարությունը գիտամեթոդաբանակ նիստ չէր հրավիրել նախքան պատմամշակությային շենքերը լուսավորումը։ Նախարարությունից սլաքները դեպի քաղաքապետարան էին ուղղել։ Սակայն որևէ քննարկման, հանձնաժողով ստեղծելու մասին ակնարկ չկա։

Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնեցին միայն, որ մինչև շաբաթվա վերջ Երևանն ամբողջությամբ կազատվի տոնական զարդարանքից։

XS
SM
MD
LG