Մատչելիության հղումներ

Հունվարի 27-ին տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը


Տիգրան Մանսուրյան

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ազդարարվեց Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին, որը նախաձեռնել է «Կողբ» կրթամշակութային հիմնադրամը։ Ուշագրավ է մրցույթի առանձնահատկությունը՝ ներկայացված երաժշտական ստեղծագործությունները պիտի գրված լինեն հայ դասական պոեզիայի հիման վրա։

Մրցույթի նպատակն է երաժշտարվեստի միջոցով հանրությանը ներկայացնել հայկական դասական պոեզիայի լավագույն նմուշները և այսպիսով ապահովել նաև հայ դասական պոեզիայի վերածնունդը մեր իրականության մեջ։

Մրցութային փուլերի արդյունքում ընտրված 6 լավագույն ստեղծագործությունները կներկայացվեն այս տարվա մայիս ամսին կայանալիք գալա-համերգի ընթացքում, իսկ մինչ այդ հունվարի 27-ին՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Պետական կամերային նվագախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի և բարիտոն Տիգրան Քախվեջյանի մասնակցությամբ տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը։

Համերգի ընթացքում կհնչեն միմիայն Մանսուրյանի հայ դասական պոեզիայի հիման վրա գրված ստեղծագործությունները։ Համերգից առաջ այսօր հրավիրված մամլո ասուլիսին մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը շեշտեց. - «Այս համերգը չեմ կարող դասել հերթական, շարքային համերգների շարքին, քանի որ ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, ես գրել եմ Չեխիայի նվագածմբերից մեկի պատվերով և հնչեց անցած տարի։ Այս գործը միակ անգամն է հնչել առայժմ և հիմա պիտի հունվարի 27-ին երկրորդ անգամ հնչի մեր դահլիճում իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, կլինի նաև առաջին կատարումը հայրենների շարքի՝ Ութ հայրեններ երգչախմբի համար։ Սա իմ տարիների երազանքն է եղել, ես երիտասարդ էի, երբ գրեցի ինչ-որ հայրեններ ձայնի և դաշնամուրի համար, որ երգեցին մեր մեծանուն երգիչները՝ Գոհար Գասպարյանը և այլոք։ Եվ միշտ մեծ պահանջ ունեի նորից դիմելու հայրեններին։ Առիթ եղավ երգչախմբի հետ։ Մենք լավ աշխատել ենք տարիների ընթացքում Մլքեյանի հետ, և սա ինձ համար եղավ լավ հիմք՝ շարունակելու այս աշխատանքը»։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ ընդգծում էր, որ տարիներ շարունակ համագործակցել է մեծանուն կոմպոզիտորի հետ՝ մեծ պատասխանատվությամբ ներկայացնելով նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները և չափազանց զգացված է, որ Տիգրան Մանսուրյանն իր գրած այս վերջին հայրենները նվիրել է իրեն. - «Աշխատանքը մեր սովորական է, մշտական է, բայց պատասխանատվության եզրերը էնքան բարձր են, որ դրա մասին խոսելը ավելորդ է։ Համերգի ժամանակ դա կերևա։ Պետք է լինել երջանիկ այսպիսի մարդու հետ անընդհատ աշխատելու համար»։

XS
SM
MD
LG