Մատչելիության հղումներ

Հեղափոխական ցույցերին հատուկ միջոցներ կիրառելու գործով նիստին հարցաքննվեց Ալեն Սիմոնյանը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ցույցի ընթացքում լուսաձայնային նռնակների կիրառման գործով տուժողի կարգավիճակ ունի։

«Դրանից առաջ առավոտյան ես քայլում էի, եթե չեմ սխալվում, նույնիսկ տեսանյութեր պետք է որ լինեն հրապարակված, բավականին շատ ոստիկանական ուժեր էին բերված նաև Դեմիրճյան փողոցով», - պատմեց նա:

Այս գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրյալ է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ 2018-ի ապրիլի 16-ին, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր ոստիկանների տեղադրած փշալարից այն կողմ անցնել և մուտք գործել Ազգային ժողով, ոստիկաններն ի վերջո հատուկ միջոցներ կիրառեցին։ Այս դեպքերից գրեթե հինգ տարի անց դատարանը դեռ քննում է, թե արդյոք իրավաչափ էր հատուկ միջոցների կիրառման հրամանը։ Պաշտոնական տվյալներով՝ այդ օրը հատուկ միջոցների կիրառման հետևանքով 60 քաղաքացի և 26 ոստիկան էր տուժել։

Այսօրվա նիստին նախկին փոխոստիկանապետի պաշտպանը Ալեն Սիմոնյանին հարցեր ուղղեց հիմնականում դեպքերի ժամանակագրության վերաբերյալ:

Լևոն Երանոսյանը, որ ազատության մեջ է, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա ավելի վաղ չէր ընդունել մեղադրանքը։ Ալեն Սիմոնյանի հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէին մյուս տուժողները։ Դատավորը հայտարարեց՝ եթե հաջորդ նիստին էլ բացակայեն, նրանց բերման կենթարկեն։

2018-ի ապրիլին հատուկ միջոցների կիրառումից լրջորեն տուժել էր ցույցի մասնակից Զավեն Գրիգորյանը, այրվել էին նրա ոտքերը։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նույնիսկ տեղյակ չէր դատի մասին, իսկ լինելու դեպքում էլ անիմաստ է համարում իր մասնակցությունը. «Իմ կարծիքով, որ ազատ արձակեն մեղավորին»:

«Հեղափոխությունը եղել է, բայց ոչ դատաիրավական ոլորտում»,- կարծում է Գրիգորյանը։ Նա 2020-ին դատարան էր դիմել՝ բողոքելով ոստիկանության դեմ և վնասի փոխհատուցում պահանջել, սակայն դատարանը հայցը մերժել էր։ Չնայած նիստերին չի գնում, բայց վստահեցնում է, թե պայքարելու է մինչև վերջ, որպեսզի մեղավորները պատժվեն։

Ի դեպ, Ազգային ժողովի նախագահը ևս դժգոհեց դատավարության ձգձգումից, բայց դա կապեց գործի առանձնահատկությունների հետ։

XS
SM
MD
LG