Մատչելիության հղումներ

Պետրակովի կարգը բավականին բարձր է. մարզական աշխարհի ներկայացուցիչները՝ նոր մարզիչի մասին


Մարտի 25-ին Թուրքիայի հետ տնային հանդիպումով մեկնարկող Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կառաջնորդի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։

65-ամյա մասնագետի նշանակման մասին ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին հայտնեց։ Բարձրակարգ մարզիչ է, նշում են ֆուտբոլային հանրության ներկայացուցիչները, բայց գնահատականներ տալ առայժմ չեն շտապում:

«Պետրակովի կարգը բավականին բարձր է՝ հաշվի առնելով անցած ճանապարհը, Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր լինելու փաստը, Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ աշխարհի չեմպիոնի կոչում նվաճելը: Ինչքանով կհամապատասխանի հավաքականին, այս պահին չեմ կարող ասել: Ցավալի է, որ ընկերական հանդիպումներ մինչև Թուրքիայի հետ խաղը չունենք, փորձարկումներ չի կարողանա անել», - ասում է Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը:

Մինչ նշանակումը Պետրակովը գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը, և հենց նրա առաջնորդությամբ անցած սեպտեմբերին ուկրաինացիները Երևանում գերխոշոր՝ 0-5 հաշվով ջախջախեցին Հայաստանի ընտրանուն։

Ալեքսանդր Պետրակովը 2011-ից սկսած Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներն է մարզել և 2021-ին հասավ գլխավոր թիմի մարզչի պաշտոնին։ 2019-ին նրա գլխավորությամբ Ուկրաինայի երիտասարդական հավաքականն աշխարհի չեմպիոն դարձավ։

Հայաստանի հավաքականն առանց գլխավոր մարզչի էր մնացել սեպտեմբերից, Ազգերի լիգայի մրցաշարը ձախողելուց հետո իսպանացի Խոակին Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց։

Այս ընթացքում հայտնի դարձան Եվրո 2024-ի ընտրական փուլի Հայաստանի մրցակիցները։ Բացի Թուրքիայից, հավաքականն ուժերը կչափի նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի, Ուելսի ու Լատվիայի հավաքականների հետ։

Իսպանացի Կապառոսի ձախողումը մեկնաբանելիս մարզական լրագրողները հաճախ լեզվական խնդիրն էին առանձնացնում՝ հանգամանքը, որ մարզիչ-ֆուտբոլիստ ուղիղ շփումը չէր ստացվում։ Մհեր Խուդավերդյանի կարծիքով՝ այժմ այս խնդիրը չի լինի:

«Հանգիստ կարող է խոսել ռուսերենով ֆուտբոլիստների հետ, տիրապետում է նաև անգլերենին, ինչպես նաև ունի օգնականներ, ովքեր անգլերենին և իսպաներենին են ազատ տիրապետում, իսկ դա արդեն մեծ պլյուս է, քանի որ հավաքականում մեզ մոտ ռուսախոս, անգլախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ են: Դա առաջին լավ կետն է, և երկրորդը՝ հաշվի առնելով ընկերական խաղերի բացակայությունը՝ կարևոր էր հավաքականին ճանաչելը, իսկ Պետրակովը ավելի լավ, քան ցանկացած ուրի մասնագետ ճանաչում է հավաքական, որովհետև հենց վերջերս երկու անգամ հանդիպել է նույն հավաքականի հետ, որից ոչ մի ֆուտբոլիստ ոչ ավելացել է, և ոչ պակասել է», - հավելեց նա:

Պետրակովն առայժմ իր նշանակումը չի մեկնաբանել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույնպես անդրադարձավ լրագրողների մատնանշած խնդրին. «Այն, ինչ եղել է, հիմա այլևս կարող եմ չմեկնաբանել: Չեմ կարծում, որ այդ խնդիրները տիեզերական ծավալների էր հասնում, բայց գուցե որոշակի խնդիրներ եղել են: Ինչևէ, Ալեքսանդր Պետրակովի դեպքում, բնականաբար, այդ ուղիղ կոմունիկացիան կա, որովհետև նա տիրապետում է ռուսերենին»:

Անցած ամիսների ընթացքում ֆեդերացիան բանակցել է նաև այլ մասնագետների հետ։ Ֆեդերացիայի նախագահը թեև անուններ չտվեց, բայց պարզաբանեց՝ կարևորել են, որ ընտրանին ղեկավարի մի մարզիչ, որը կհասկանա հայաստանցիների մենթալիտետը, տարածաշրջանը։ Ֆուտբոլային գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր՝ խնդիրը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ հասնելն է։ Այս հարցազրույցում կառույցի ղեկավարը միայն ասաց՝ առայժմ կենտրոնանալու են Թուրքիայի հետ կայանալիք հանդիպման վրա:

«Մի փոքր ավելի շեշտը դեռ կդնենք առաջին խաղի վրա, Ա՝ որովհետև խաղը Թուրքիայի հավաքականի հետ է, Բ՝ այդ խաղը Երևանում է, և տնային խաղերում գիտեք, որ Հայաստանի հավաքականը պետք է որ միավորներ վաստակի», - ասել է նա:

Նոր մրցափուլին ընդառաջ կրկին խոսվում է հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին։ Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը հույս ունի, որ այժմ իտալական «Ինտերում» հանդես եկող ֆուտբոլիստը կփոխի իր որոշումը։ Մխիթարյանը հավաքականում չի խաղում անցած մարտից, նա սոցցանցերի իր էջերում գրել էր. «Տվել եմ իմ հավաքականին ամենը, ինչ կարող էի»: Նա շարունակել էր՝ առաջիկա տարիներին կենտրոնանալու է ակումբային մրցելույթների վրա:

«Լիահույս եմ, որ Հենրիխն ամեն դեպքում կփոխի որոշումը ու այս դժվարին պահին կվերադառնա հավաքական, որովհետև ինչքան էլ շատերը քննադատեն, Հենրիխի նման ֆուտբոլիստ մենք չենք ունեցել, և մոտ ապագայում կարծում եմ՝ դեռ չի նշմարվում նման ֆուտբոլիստ, և Հենրիխն իր թե խաղով, թե ներկայությամբ շատ մեծ բան է տալու հավաքականին: Հուսով եմ՝ մարզիչը, ՀՖՖ նախագահը կխոսեն Հենրիխի հետ, և երկար սպասված վերադարձը տեղի կունենա մարտի հանդիպմանը», - ասաց նա:

Հավաքականում իր ելույթներին վերջերս Մխիթարյանն անձամբ անրդադարձավ։ «Ինտեր» ակումբի երեկ հրապարակած տեսանյությում ֆուտբոլիստին այս մասին են հարցնում։

Հավաքականում խաղալը պատիվ էր, ընդգծում է Մխիթարյանը։ Ֆուտբոլիստը չի թաքցնում՝ տխուր է, որ միջազգային խաղերի այլևս չի մասնակցում, բայց և շեշտում է՝ սա իր որոշումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG