Մատչելիության հղումներ

«Իշխանաձորի անունը տալիս ենք, արցունքները քուլա-քուլա գնում են». Քաշաթաղի նախկին բնակիչներ


Արցախի Իշխանաձոր գյուղում ավելի քան 20 տարի դասավանդած Գոհար Սեխպոսյանը 44-օրյա պատերազմում կորցրեց միակ զավակին։ Դրանից հետո՝ լինի տոն, թե հիշատակի օր, Եռաբլուրում է։ Տանն այլևս սպասող չունեմ, ասում է։

«Բարդ է, և ելքը չենք տեսնում, ելք չկա», - ասում է նա:

«Հիշելու բան չէ». վիշտը նկարագրելու բառեր չի գտնում ու խեղդող արցունքների մեջ ինքն իրեն սփոփում՝ գոնե գտել է որդու դիակը։ Շատերը դրան էլ կարոտ են. «Մարդիկ, որ իրենց երեխային գտնում էին, իրար աչքալուսանք էին տալիս: Ինձ ասում են՝ բախտավոր մայր ես, որտե՞ղ է այդ բախտը: Մարդիկ երկու տարի իրենց երեխաների դիակը չեն գտնում, որ հուղարկավորեն: Ես հասկանում եմ՝ պատերազմ է, բայց էդ մեկն էր…»:

Հիմա իր կյանքի տխուր այս շրջադարձից գլուխը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ Երևանից Վանաձոր է գալիս՝ հյուրընկալվում Իշխանաձորի իր նախկին հարևաններին։ Խոսում են, հիշում, իրար սփոփում, Արցախում թողածը հաշվում ու խելք խելքի տալով նոր ելքեր որոնում։ Չեն գտնում մի պարզ հարցի պատասխան՝ ինչպե՞ս ստացվեց, որ առանց մարտերի տարածքներն ադրբեջանցիներին հանձնելուց առաջ ժողովուրդը տասնամյակների ընթացքում ստեղծած ունեցվածքը տներից հանելու հնարավորություն չունեցավ։

«Եթե կառավարությունից 5 հոգի իր եղածը փրկեց, որ ինքը չգիտեմ ինչեր (գիտեմ), չգիտեմ՝ ինչեր ունի, բա ժողովրդին թույլ չտվեցին իր ունեցած սուրճի բաժակը փրկի, էն որ ինքը փրկեր, ինքը կարար 5 էդքանն առներ, բա մարդիկ, որ կորցրեցին մի հատ, օրինակ հեռուստացույց, չեն կարողանում առնեն»։

Գոհար Սեխպոսյանն ասում է՝ միակ տղային հիշեցնող կարևոր իրեր մնացին Ադրբեջանին անցած տարածքներում, որ այլևս ետ չի բերի. «Իմ տղայի իրերից, իմ մահացած մայրիկի նկարը, իմ տղայի ձեռքի սարքած աշխատանքները: Բաներ կան, որ այսօր փնտրեմ, չեմ կարող գտնել առնել, այնպիսի փոքրիկ թեկուզ բաներ, որ ինձ համար իմ տղայի մի մասն էին»:

Մեկ ուրիշ վանաձորցի Արթուր Թաթոսյանն իր ընտանիքով 2000-ականներին է բնակություն հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանում: Նա էլ պատմում է, որ մարդկանց ու իրերը տարհանելու արգելքների են հանդիպել մինչև տարածքը հանձնելու մասին պաշտոնական լուրերը. «Ճանապարհները փակեցին, ասացին՝ մեր տարածքն ապահով է, 250 հատ տանկ է կանգնեցված, ոչ մի բան չի լինի, մեր մարզպետն էր ասում: Եկավ, ելույթ ունեցավ, որ ոչ մեկդ խուճապի չմտանվեք, չգնաք տարածքից, ոչ մի բան չէին թողնում տարհանել այնտեղից, մեզ էլ չէին թողնում, որ դուրս գայինք»:

«Անտանելի պայմաններում ենք ապրել՝ լույս չի եղել, ծորակի ջուր չի եղել, նույնիսկ վերջին տարիներին մենք ծորակի ջուր ունեցել ենք մեր շնորհիվ, ջրհորներից ենք օգտվել, նասոս դրել, հանել երկրորդ հարկ: Բայց, այնուամենայնիվ, մենք մղկտում ենք Իշխանաձորի համար, անունը տալիս ենք, արցունքները քուլա-քուլա գնում են», - նշում է կինը:

Ի՞նչ կլինի սրանից հետո, նախկին արցախցիները պաշտոնական հայտարարություններում դեռ հուսադրող ոչինչ չեն գտնում, ասում են. «30 հոգի գերության մեջ էր, մենք վատ էինք զգում, բա էսօր էդ 30-ին գումարվել է 120 հազար, իսկ մենք վաղը, մյուս օրը ծնկի ենք գալու, եթե չեք նկատում, մենք ծնկի ենք գալու, եթե իհարկե արդեն ծնկի չենք եկել»:

Նախկին հարևանուհին՝ Մարգարիտա Մնացականյանը հակադարձում է. «Ես համաձայն չեմ, մենք երբեք ծնկի չենք գա, թեկուզ կմեռնենք, բայց ծնկի չենք գա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG