Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով: Սա սահմանող փաստաթղթի ստորագրման մասին այսօր երկու հարևան երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը», - ասել է նա:
ՀՀ ղեկավարը նկատել է, որ երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: «Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Նիստը երկու երկրների վարչապետների գլխավորությամբ է անցկացվում: Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը նախքան սա առանձնազրույց են ունեցել: