Մատչելիության հղումներ

Հեռացավ անսահման երևակայությամբ երաժիշտը


Կիթառահար Ջեֆ Բեքը:

Հունվարի 10-ին 78 տարեկանում մահացել է լեգենդար ռոք-կիթառահար Ջեֆ Բեքը, որին մամուլում անվանել են «կիթառի աստված»: Ընտանիքը նրա մահվան մասին հունվարի 11-ին է հայտնել:

Հաղորդվում է, որ վախճանից որոշ ժամանակ առաջ նա անսպասելի վարակվել է բակտերիալ մենինգիտով:

Ջեֆ Բեքը տասնամյակներ առաջ նվագել է The Yardbirds խմբում հանճարեղ երկու ուրիշ կիթառահարների՝ Էրիք Քլեփթոնի և Ջիմի Փեյջի հետ:

Հետագայում Բեքը սոլո կարիերան է շարունակել և վաստակել է բազմաթիվ մրցանակներ: Նրա անունը երկու անգամ գրանցվել է Ռոք-ն-Ռոլի Պատվո սրահում՝ 1992 թվականին որպես The Yardbirds-ի կիթառահար, ապա 2009-ին որպես մենակատար:

2015 թվականին Rolling Stone երաժշտական հանդեսը Ջեֆ Բեքին անվանել է «պատմության ընթացքում հինգերորդ լավագույն կիթառահարը»:

2022 թվականին Բեքը թողարկել է իր վերջին ալբոմը, որի անունն է «18»: Այն պարունակում է 13 ստեղծագործություններ, հիմնականում տարբեր երգերի վերամշակումներ, որոնց ձայնագրությանը մասնակցել է նաև Հոլիվուդի աստղ Ջոնի Դեփը:

Բեքն իր առաջին «Գրեմի» մրցանակը վաստակել է 1985 թվականին, դրանից հետո նա ստացել է ևս 7 «Գրեմիներ» և այլ մրցանակներ: Նա աշխատել է բլյուզ ռոքի, ինստրումենտալ ռոքի և ֆյուժն ջազի ժանրերում:

Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին Twitter-ում գրել է, թե ցնցված է Բեքի մահվան լուրից:

«Ջեֆը հրաշալի անձ էր, հանճարեղ երաժիշտ, երբեք ուրիշ Ջեֆ Բեք չի լինի, մեր աշխարհը նրան շատ է կարոտելու»,- գրել է Այոմին:

Բեքին հարգանքի տուրք է մատուցել նաև Led Zeppelin խմբի կիթառահար Ջիմի Փեյջն, ով ժամանակին նվագել է The Yardbirds-ում: Նա նշել է, որ Բեքն ուներ եզակի տեխնիկա և անսահման երևակայություն:

«Վեց լարային Զինվորն այլևս մեզ հետ չէ և այլևս չի հիացնի այն կախարդանքով, որը նա կարող էր հյուսել մեր մահկանացու զգացմունքների շուրջ: Ջեֆը կարողանում էր մեղեդիները ստանալ երկնային աշխարհից: Ջե'ֆ, ես և քո միլիոնավոր երկրպագուներ կարոտելու ենք քեզ»,- հայտարարել է Ջիմի Փեյջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG