Մատչելիության հղումներ

Լույս է տեսել «Ալեքսանդր Սպենդիարյան․ երեք երկ քառաձեռն դաշնամուրի համար» ձեռնարկը


«Ալեքսանդր Սպենդիարյան․ երեք երկ քառաձեռն դաշնամուրի համար»։ Այս խորագիրն է կրում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից հրատարակված և շնորհանդեսի ներկայացված մեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների նոր ձեռնարկը, որտեղ զետեղված երկերը հրատարակվում են առաջին անգամ։

Մինչ շնորհանդեսի մեկնարկը տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ տարին սկսում են այս գրքի շնորհանդեսով՝ որպես կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի շրջանակներում տեղի ունեցած բազմաբնույթ միջոցառումների տրամաբանական շարունակություն. - «Հանրությունը շատ լավ գիտի, որ Սպենդիարյանի 150-ամյակին բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում եղան ուսումնասիրման աշխատանքներ՝ Հայաստանում և աշխարհում Սպենդիարյանի արխիվների ուսումնասիրությունը։ Այս ուսումնասիրությունների արդյունքում Գրականության և արվեստի թանգարանում՝ մեր գործընկեր թանգարանի արխիվում, Սպենդիարյանի ֆոնդում մենք գտանք երեք ստեղծագործություն, քառաձեռն դաշնամուրի համար գրված ստեղծագործություն, որոնք չեն հրատարակվել։ Մենք շատ լավ գիտենք, որ Սպենդիարյանը այն բախտավորներից է, ում ստեղծագործական ամբողջ ժառանգությունը, ի շնորհիվ մեր մեծ երաժիշտ Գեորգի Բուդաղյանի, տպագրվել է ամբողջական ժողովածուներով, տասնմեկ հատոր, և այս երեք ստեղծագործությունը, կարծես թե, չեն ներառվել այդ ստեղծագործությունների մեջ։ Շարունակելով այդ լավ գործը, Գեորգի Բուդաղյանի թողած այդ լավ ավանդույթը՝ թանգարանը որոշեց այդ երեք ստեղծագործությունը ներկայացնել դաշնակահար երաժիշտներին, փաստորեն ունենալ գործեր, որոնք նորովի են բացահայտում Սպենդիարյանին։ Այս ստեղծագործությունները, բացի մեկ ստեղծագործությունից, որը «Գուշակուհին» է, որ 2000-ականների սկզբին տպագրվել ի շնորհիվ եգիպտահայ երաժշտագետ Հայկ Ավագյանի... Բայց ցավոք սրտի, այդ նոտաները հայաստանյան երաժիշտներին հասանելի չեն։ Եվ որպեսզի մենք դա էլ մեր երաժշտական հանրությանը հասանելի դարձնենք, և երաժշտական դպրոցներին հատկապես, որովհետև այս երեք ստեղծագործությունները հիմնականում նախատեսված են երաժշտական դպրոցի բարձր տարիքի երաժիշտների համար։ Ահա մենք որոշեցինք հրատարակել և նորովի ներկայացնել մեր Սպենդիարյանին»։

Գրքի մասնագիտական խմբագիր է ընտրվել երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, Սպենդիարյանի արվեստի նվիրյալ Վահագն Վարդանյանը։ Ձեռնարկը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, իսկ տուն-թանգարանում շնորհանդեսի ընթացքում դաշնամուրի համար գրված քառաձեռն այս ստեղծագործությունները առաջին անգամ հնչեցին Վահագն Վարդանյանի և Աիդա Ավանեսյանի կատարմամբ։

Վահագն Վարդանյանը շեշտեց, որ դրանք հրաշալի ստեղծագործություններ են. - «Համոզված եմ, որ այստեղ ներկա գտնվելիք դաշնակահարների և այլ երաժիշտների համար շատ հաճելի կլինի այս գործը վերցնեն, որ տարածեն, իրենց համար նվագեն։ Նաև առիթ է ընկերներով հավաքվելու, նվագելու համար»։

Հարցին, թե ինչ զգացողություն ունի առաջին անգամ այդ ստեղծագործությունների կատարելուց առաջ, Վարդանյանը պատասխանեց. - «Շատ յուրօրինակ զգացողություն է։ Ամեն մեկը չի, որ ապրում է այդ զգացողությունը։ Այն զգացողությունն է, երբ քո միտքը ստանում է մարմին։ Աննկարագրելի է։ Ինձ թվում է, արվեստագետները հաստատ կհասկանան ինչի մասին է խոսքը»։

Երիտասարդ դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը հավելեց. - «Շատ պատասխանատու գործ է ինձ համար, շատ ուրախ եմ, որ ինձ է վիճակվել, որպեսզի ես նվագեմ։ Սիրում եմ Ալեքսանդր Սպենդիարյանին, մասնակցել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը, որը տեղի էր ունենում Գյումրիում։ Կարծում եմ, բոլոր հայ երաժիշտները պետք է միայն լինեն շատ ուրախ, որ կատարում են Ալեքսանդր Սպենդիարյանի բոլոր ստեղծագործությունները»։

Երիտասարդ երաժիշտները համոզված են, որ պետք ամեն ինչ անել, որպեսզի մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններն անպայման հնչեն նաև արտասահմանում՝ որպես հայկական դասական երաժշտարվեստի լավագույն ստեղծագործություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG