Մատչելիության հղումներ

ԱԺ խորհրդի օրակարգում ներառվել է 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը


Հունվարի 13-ի Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ներառվել է 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Ըստ ԱԺ-ի տարածած հայտարարության, այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Ընդդիմադիրները՝ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը անցած ամռանը հայտնվել էին մանդատները կորցնելու վտանգի առջև՝ անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու պատճառով։ Այն ժամանակ իշխանությունը սպառնաց, բայց չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, չբացառելով, որ դա կանի աշնանային նստաշրջանին։

Ազգային ժողովի նախագահը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրում, եթե մի կիսամյակի ընթացքում նա քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է։ Սա պարտադիր է, իսկ ահա դրանից հետո ՍԴ դիմել-չդիմելը նախ խորհրդի որոշելիքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG