Մատչելիության հղումներ

Մեքսիկայում «Մկան» ձերբակալության կապակցությամբ սպանվել է 29 մարդ


Մեքսիկացի «Մուկը»՝ Օվիդիո Գուսման-Լոպեսը ձերբակալության պահին, Կուլյական, 5 հունվարի, 2023թ.
Մեքսիկացի «Մուկը»՝ Օվիդիո Գուսման-Լոպեսը ձերբակալության պահին, Կուլյական, 5 հունվարի, 2023թ.

Թմրադեղի ապօրինի բիզնեսի համար ԱՄՆ-ում պատիժը կրող մեքսիկացի Խոակին Գուսմանի որդու՝ Օվիդիո Գուսմանի ձերբակալությունը Կուլիական մեքսիկական ավանում հանգեցրել է զանգվածային բախումների, որոնք, ըստ ականատեսների, նմանվել են իրական մարտական գործողությունների:

Գուսման-կրտսերի մականունն է El Raton՝ «Մուկ»: Նրա ձերբակալության ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած բախումներում զոհվել է առնվազն 29 մարդ՝ 19 ենթադրյալ հանցագործներ և 10 զինծառայողներ:

35 զինծառայողներ վիրավորվել են, ձերբակալվել է 21 կասկածյալ: Իրավապահներն առգրավել են մի քանի տասնյակ միավոր հրազեն, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրացաններ:

Կուլյականը Մեքսիկայի Սինալոա շրջանի կենտրոնն է: Ավանի փողոցների մի մասն այժմ արգելափակված է տասնյակ հրկիզված ավտոմեքենաներով:

Գուսման-ավագի՝ Խոակինի մականունն է El Chapo՝ «Կոլոտ»: Նա 2015 թվականի հուլիսի 12-ին բանտից փախուստի է դիմել 1.5 կիլոմետրանոց թունելով, որը փորվել է 10 մետր խորության վրա: Իրավապահները «Կոլոտին» կարողացել են ձերբակալել միայն 2016 թվականի հունվարի 8-ին:

Գուսման-ավագին արտահանձնել են ԱՄՆ, որտեղ 2019 թվականի փետրվարին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ամերիկյան կողմը պահանջում է արտահանձնել նաև Գուսման-կրտսերին, սակայն Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ արագ կարգով այդ հարցը չի լուծվի:

2019-ի հոկտեմբերի 17-ին մեքսիկացի ոստիկանները ձերբակալել են Գուսման-կրտսերին, ինչից հետո Կուլյականում տեղի են ունեցել զանգվածային բռնություններ, սպանվել է 9 մարդ:

Նույն օրն իշխանությունները կարգադրել են ազատ արձակել «Մկանը» և այդպիսով վտանգի չենթարկել ավանի խաղաղ բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG