Մատչելիության հղումներ

Ինչ կփոխվի ամերիկացի համանախագահի պաշտոնից Ռիքերի հեռացմամբ. վերլուծաբանների գնահատականները


Ընդամենը հնգամսյա աշխատանքից հետո պաշտոնից հեռացավ կովկասյան բանակցությունների գծով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ 57-ամյա դիվանագետը, ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի, թոշակի է անցնում։

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի կայուն խաղաղության շուրջ երկկողմ բանակցությունները», - ասել է Փրայսը՝ հավելելով, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագայի նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը։

«Միացյալ Նահանգները շարունակում է երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համար»։

Իսկ թե ո՞վ է փոխարինելու Ռիքերին, կամ արդյոք պաշտոնն ընդհանրապես վերացվում է, Պետդեպարտամենտի խոսնակը ուղիղ պատասխան նախընտրել է չտալ՝ շեշտելով անձամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նրա օգնական Կարեն Դոնֆրիդի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական բանակցություններին: Նաև ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ռիքերի նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։

Պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, պնդել է՝ Ռիքերն ինքն է թոշակի գնալու մտադրություն հայտնել անցած տարեվերջին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ մոտ կես տարվա աշխատանքի ընթացքում նրա ու Ադրբեջանի միջև խնդիր չի նկատել։ Իսկ ահա նրա հեռանալու հարցում չի շտապում եզրահանգումներ անել՝ ի՞նքն է հեռանում, կամ դժգոհություն կա՞ր նրա աշխատանքի արդյունավետությունից, թե՞ ամերիկյան մարտավարությունն է փոխվում Կովկասում։ Սրանք հարցեր են, որոնք, ըստ մեկնաբանի, ժամանակի ընթացքում կստանան պատասխաններ։

«Երբ Ռիքերը նշանակվեց, այն մեծ ուշադրության արժանացավ նաև նրանով, որ նախկինում եղել էր բավական բարձրաստիճան պաշտոնյա՝ պետքարտուղարի տեղակալն էր եղել Եվրասիայի և Եվրոպայի հարցերով, և Միացյալ Նահանգները այդպիսի տրամաչափի դիվանագետին նշանակելով ցույց է տալիս նաև Կովկասի ուղղությամբ իր դիվանագիտական ջանքը մեծացնելու նպատակադրվածությունը: Եվ իսկապես մենք տեսանք, որ այդ ընթացքում բավական ակտիվացավ Նահանգների դիվանագիտական աշխատանքը:

Հիմա ի՞նչ կփոխվի Ռիքերի փոփոխությամբ, սա հարց է, որը ժամանակի ընթացքում կստանա իր պատասխանը», - նշեց Բադալյանը:

Ֆիլիպ Ռիքերի վերջին այցը տարածաշրջանային էր՝ նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին։ Նրա հետ փակ հանդիպմանը մասնակցած քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանն ասում է՝ ամերիկացի պաշտոնյանի թոշակի անցնելն անակնկալ չէր, ուստի չի կարծում, թե այս պաշտոնանկությամբ Միացյալ Նահանգները նվազեցնում է ներկայությունը տարածաշրջանում, ճիշտ հակառակը։

«Անգամ եթե որևէ վերանայում լինի պաշտոնի անվանման, բովանդակային առումով կարծում եմ՝ միայն կավելանա Նահանգների ներկայությունը տարածաշրջանում: Դրական եմ իրականում համարում այդ նորությունը, որովհետև կարծում եմ, որ Նահանգների քաղաքական ներկայության ցանկության մակարդակը չէր համընկնում իրենց բանագնացի առաջնահերթությունների, ցանկությունների և կարողությունների հետ: Ամերիկացի պաշտոնյան չէր համարում մեր տարածաշրջանը, ես կարծում եմ, առաջնահերթություն, և այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ճանապարհին Միացյալ Նահանգների մասնակցությունը չէր պատկերացնում այն մակարդակի վրա, որը որ ես կարծում եմ՝ Նահանգներում պատկերացնում են»:

Նեդ Փրայսը նախօրեին հայտարարել է, թե առաջիկա օրերին պետքարտուղար Բլինքենը ծրագրում է հեռախոսազրույցներ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բլինքենը նոյեմբերի սկզբին Վաշինգտոնում էր կազմակերպել երկու պաշտոնյաների հանդիպումը։ Ինչպես հայտարարվեց, դրանից հետո պայմանավորվածություն կար հաջորդ շաբաթներին շարունակել ուղիղ երկխոսությունը, բայց նոյեմբերյան եռակողմը Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը դարձավ։

XS
SM
MD
LG