Մատչելիության հղումներ

Եթե Շուշին շրջանցող ճանապարհը ժամանակին կառուցված լիներ, այն այժմ բաց կլիներ. Վահրամ Աթանեսյան


Եթե Շուշին շրջանցող ճանապարհը ժամանակին կառուցված լիներ, այն այժմ բաց կլիներ, վստահ է արցախցի հրապարակախոս, Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Փակելու համար Ադրբեջանը պետք է զինված ուժերը օգտարգործեր, պետք է քարտեզին նայել, տեսնել շրջանցիկ ճանապարհը որտեղով է անցնում, այսօրվա ճանապարհը որն է: 10 կմ անտառով գալու էին Ստեփանակերտի մատույցներում ճանապարհ փակեի՞ն», - ասաց Վահրամ Աթանեսյանը:

Ինչո՞ւ Արցախը Հայաստանին կապող ճանապարհն այդպես էլ չշրջանցեց Շուշին. եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պետք է շրջանցեր ադրբեջանական դարձած քաղաքը։ Հայտնի էկոակտիվիստները 24 օր առաջ հենց Շուշիի մոտ փակեցին ճանապարհը։

«Ես գիտեմ, որ բանակցել է Արցախի կառավարությունը այդ հարցում Ադրբեջանի հետ և երթուղու վերաբերյալ համաձայնությունը տվել է Արցախի կառավարությունը», - նշեց հրապարակախոսը:​

Աթանեսյանի տեղեկությամբ պատերազմից հետո Լաչինի նոր միջանցքի երթուղու 3 տարբերակ է քննարկվել, ըստ նրա, ընտրվել վատագույնը. - «Մեկը պետք է լիներ Ստեփանակերտից մինչև Լիսագոր, հետո Բերդաձորով միանար Ադրբեջանի կառուցած ճանապարհին: Մեկը՝ Գանձասարից, Վանք գյուղի տարածքից Լաչինի հյուսիսային հատվածով անցնի և իջնի Ջերմուկի խաչմերուկ: Երրորդը այն տարբերակն է, որը ընտրվել է»:​

Լաչինի նոր միջանցքի քննարկումներն սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ, ի սկզբանե քննարկվում էր Շուշին շրջանցել ու Ղայբալիքենդ-Զառսլուով հասնել Լիսագոր, ապա Բերդաձորի գյուղերով մտնել Սյունիքի Տեղ գյուղ: Շրջանցող հատվածն այդպես էլ չկառուցվեց ու Շուշիով անցնող գործող ճանապարհը մնաց ուժի մեջ: Այս մասին ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում խոսել էր նաև փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

«Որպեսզի այդ ճանապարհը կառուցվի, դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ինչ-որ հողաշերտ տա ռուսներին, որպեսզի Արցախի իշխանությունները կառուցեն այս ճանապարհը և ռուսները տեղաբաշխվեն այնտեղ: Եվ հավանաբար տրամաբանական չեն գտել դա», - նշել է Հակոբյանը:​

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չկառուցվեց Շուշին շրջանցող ճամփան՝ փող չկա՞ր, հայտնի է, որ նոր միջանցքի զգալի մասն ադրբեջանական կողմն ինքը կառուցեց՝ նույնիսկ հայկական գյուղերով անցնող հատվածները: Արցախի իշխանական շրջանակներից, անվտանգության խորհրդից որևէ մեկնաբանություն չստացանք:

«Ես չէի ասի, որ խափանվել է, էդ երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր այդ ճանապարհը», - նշեց Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը:​

Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքապետը չի բացառում, որ ադրբեջանական կողմը հրաժարվեր հեռացնել իր հենակետերը հնարավոր միջանցքի տարածքից: Ի դեպ՝ այժմ էլ չեն հեռանում Հին Շենով անցնող մայրուղու կողքից. - «Իրենք որտեղ նստած են, այնտեղից մի քայլ հետ չեն ուզում գնալ՝ ուզում ես ճանապարհ կառուցի, միջանցք կառուցի, մեկ է, իրենց տեղից չեն շարժվում»:​

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որքան էլ կապիտուլյացիոն որակվեց, պետք էր փորձել հնարավորինս տանելի դարձնել, միջանցքի չափորոշիչները մինչև այժմ պարզ չեն. Շուշիի մոտ Ադրբեջանի ռազմական ոստիկանության աշխատակիցներին ու ռուս խաղաղապահներին 5 մետր է բաժանում:

«Այդ ռուս խաղաղապահների ու Ադրբեջանի ռազմական ոստիկանության միջակայքում են այսօր նրանք ակցիա իրականացնում», - ընդգծեց Աթանեսյանը:​

Ո՞վ է հիմա վերահսկում այդ 5 մետրը, հարցում է Աթանեսյանը, ադրբեջանցիներն ասում են՝ «Սա մեր Շուշին է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG