Մատչելիության հղումներ

Պապիկյանը 2022-ի համար կարևորում է առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման աշխատանքները


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

2022 թվականը նշանավորվել է բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձում:

«2022 թվականը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա, Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ», - նշում է Սուրեն Պապիկյանը:

«Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ», - հայտարարում է նախարարը՝ մատնանշելով երկու ծրագրերը, որոնք, նրա համոզմամբ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի Զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ: Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է, երկրորդը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

2022-ի շրջանակում Պապիկյանը կարևորել է առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական՝ բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարամությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին», - ընդգծում է պաշտպանության նախարարը՝ ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի մաղթելով:

«Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիները անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան:

Կեցցե՛ Հայաստանը, փառք Հայոց բանակին», - ասված է Սուրեն Պապիկյանի ուղերձում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG