Մատչելիության հղումներ

Նախագահականում տարեմուտի միջոցառմանը  ընդդիմադիր խմբակցություններին չեն հրավիրել


Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը

Կառավարությունը նախագահականում տարեմուտի միջոցառում է կազմակերպել ու խորհրդարանից հրավիրել միայն ղեկավարությանն ու իշխող խմբակցությանը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից վստահեցնում են, որ որեւէ հրավեր չեն ստացել ո'չ վարչապետից, ո'չ էլ նախագահից։

«Ես ինքս չեմ ստացել, նաև ճշտեցի մեր խմբակցության ղեկավարից, խմբակցության ղեկավարը ևս այդպիսի հրավիրատոմս չի տեսել», - «Ազատությանն» ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Թովմասյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն է։ Ամանորյա միջոցառումներին մասնակցելու սիրտ չկա, ասում է։ Հրավերի դեպքում էլ գուցե չգնար։ Բայց կառավարությունը պարտավոր էր հրավիրել բոլորին, սա պետական արորաղակարգ է։ Մինչդեռ, ասում է, վարչապետը տարին ամփոփում ու նորը սկսում է յուրայինների ու իրեն քննադատողների բաժանարար գծերով. - «Սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նկատմամբ խորհրդարանական երկրում։ Եվ ընդհանրապես քաղաքական ինստիտուտի նկատմամբ։ Եվ ստացվում է, որ տարին անփոփվում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ Նիկոլի հանրապետությունում»։

Ավանդական ամանորյա ընդունելությանը հրավիրված են կառավարության անդամները, «աՔղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր պատգամավորները, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն ընտրվելիս խոստանում էր լինել բոլորի նախագահը։

«Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել, նախագահը», - ասել էր նա։

Նախագահականի լրատվականից ասացին, թե այս ընդունելությունը նախագահը չի կազմակերպել, կառավարությանն է։ Այնտեղից են հրավերներ ուղարկվել։

Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էլ տարեմուտի միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով, սա քինախնդրություն է քննադատների նկատմամբ և ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխող թիմը այդպես էլ չի գիտակցում ինչ բան է պետությունը, խորհրդարանը. - «Իրենց թվում է, թե էս պետությունը միայն ՔՊ-ի պետությունն է։ Ցածր քաղաքական որակների ու մարդկային որակների մասին է խոսում խորհրդարանական երկրում։ Ցավալի է, մեկ անգամ ևս ապացուցում են, որ իրենք բաժանարարների հիմնադիրներն են էս երկրում»։

Գալստյանը պատգամավոր է եղել նաեւ 2007- 2012 թվականներին։ Այդ ընթացքում Դաշնակցությունը նաև ընդիմություն էր։ Անկախ մասնակցել-չմասնակցելուց՝ ընդդիամդիրները ստանում էին հրավեր։

«Դա արարողակարգ է», - հիշում է պատգամավորը։ - «Էսպիսի բաժանարարներ, էսպիսի ներքին ատելություն, էսպիսի անհանդուրժողականություն Հայաստանում երբեք-երբեք չի եղել»։

Պետական համակարգը իշխանության ու ընդդիմության ամոբղջությունն է։ Ընդդիմությանն էլ Հայաստանի քաղաքացիներն են ընտրել։ Անկախ ընդդիմադիրների որոշումից, հրավերներ պետք է լինեին, շեշտում է Լիլիթ Գալստյանը. - «Ես ընդդիմադիր պատգամավոր եմ եղել, նույնիսկ ավելին ասեմ՝ թե' նախագահի կողմից, թե կառավարությունից նույնիսկ ծննդյանս օրն են շնորհավորել ծաղիկներով և գեղեցիկ ժեստով»։

Թե կառավարությունը ինչ սկզբունքով է հրավերներ ուղարկել ու ինչու է Ազգային ժողովի հասցեով միայն Փաշինյանի թիմակիցներին ընտրել, կառավարությունից թեև խոստացան, բայց ամբողջ օրը չպատասխանեցին հարցին։ Ընդունելությանը մասնակող իշխանական պատգամավորներից էլ չհաջողվեց պարզել, թե ինչպես են գնահատում միայն իրենց հրավիրելու կառավարության որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG