Մատչելիության հղումներ

Փաշինյանի ցուցումով մշակվել է ռազմական դրության ժամանակ սահմանափակումների խստացում նախատեսող օրինագիծ


Ռազմական դրության ընթացքում համացանցը մասնակի կամ ամբողջական, սոցիալական ցանցերը, կայքերը ժամանակավոր սահմանափակելու առաջարկ է անում Արդարադատության նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ օրինագիծը մշակել են վարչապետի ցուցումով։ Այն օրեր առաջ է հանրային քննարկման դրվել։ Մասնագետներն արդեն խնդրահարույց են համարում օրինագիծը. առաջարկները՝ թերի, ձևակերպումնները՝ անորոշ։

«Չենք տեսնում հստակ մեխանիզմներ, թե ինչ չափորոշիչներով են այս կամ այն կայքերը արգելափակվելու, այս կամ այն սոցհարթակը արգելափակվելու», - նշում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ տնօրեն Արթուր Պապյանը։

Նրա կարծիքով, ընդունվելու դեպքում այդ կարգավորումները կարող են կամայականությունների տեղիք տալ։ Իսկ, դա, ըստ մեդիա փորձագետի, կարող է մահակ դառնալ իշխանությունների ձեռքին՝ ընդդիմախոսներին, քննադատներին լռեցնելու համար։

Նախադեպը, նկատում է, 44-օրյա պատերազմի ընթացքում է եղել, երբ պաշտոնականից բացի, այլ տեղեկատվություն արգելվում էր հրապարակել։ Այն ժամանակ դա կառավարությամբ որոշմամբ էր սահմանվել. - «2020 թվականին հանրությունը փաստորեն տեղեկացված չէր, և դա կարելի է դիտարկել շատ մեծ խնդիր, որովհետև ժողովուրդն իր մոբիլիզացիոն ռեսուրսը չկիրառեց, քանի որ տեղյակ իրականում իրադրությունից, և հիմա փաստորեն փորձ է արվում 2020 թվականի իրականությունը, որը շատ վատն էր՝ փորձագետների, նաև անձամբ իմ գնահատմամբ, փորձ է արվում դա լեգիտիմացնել»։

Պապյանի կարծիքով, օրինագիծը հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու, մոբիլիզացնելու խնդիրներ չի լուծելու կամ կիսատ-պռատ է լուծելու։ Մյուս կողմից, սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի հեղինակության վրա. - «Եթե դու չես անում առաջին երեքը՝ մեդիագրագիտության բարձրացում, օբյեկտիվ կամ համենայն դեպս արագ, օպերատիվ տեղեկատվության տրամադրում, փաստերի ստուգում և հակազդեցություն, և միանգամից գնում ես արգելափակման, դա նշանակում է, որ ուղղակի չես ուզում աշխատել, անել հիմնական գործը»։

Մասնագետները խնդրահարույց են համարում նաև լրատվամիջոցների բովադակության սահմանափակման առաջարկը։ Օրինագծն առաջարկում է նման իրավիճակում հեռուստատեսությամբ ու համացանցով ապահովել բացառապես ռազմահայրենասիրական հեռուստաֆիլմերի, հաղորդաշարերի և տեղեկատվության տարածումը։

Նախագիծն ընդհանարապես, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի գործունեության սահմանափակում է ենթադրում. - «Երբ որ առաջարկում են հեռարձակել, օրինակի համար, ռազմահայրենասիրական նյութեր, դա ուղղակի գրաքննության ամենածայրաստիճան և քարոզչության նաև միտում ունի, որ անթույլատրելի է և անհամատեղելի է ժողովրդավարական պետությունում բազմակարծության տեսակետից»։

Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ ռազմական դրության ժամանակ կարող է տեղեկատվությունը սահմանափակվել՝ եթե այն վերաբերում է պետական կամ ռազմական գաղտնիքին, ռազմական գործողություններին, զինտեխնիկայի տեղաշարժերին. - «Կարծիքի արտահայտման ազատությունը, որոնք կարող են վերաբերվել, ենթադրենք, մարդկանց իրավունքներին, կարող են վերաբերվել մարդկանց ինքնակազմակերպման կամ կյանքի կազմակերպման հարցերին, ապա դրանք որևէ կերպ հիմնավոր չեն կարող համարվել»։

Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարվեց խոսել իր ղեկավարած կառույցի մշակած նախագծի մասին՝ ասելով. - «Կխնդրեմ գրավոր ուղարկեք հարցադրումները, որ պատասխանենք»։

Ավելի ուշ նախարարությունից գրավոր արձագանքեցին։ Ըստ գերատեսչության, նախագիծը շրջանառվում է մասնագետներից, քաղհասարակությունից ու քաղաքացիներից դիտարկումներ, առաջարկություններ ստանալու նպատակով:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, թե նախագիծը մշակել են՝ հաշվի առնելով նաև 2020 թվականի ռազմական դրության ընթացքում առաջացած օրենսդրական և գործնական խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG