Մատչելիության հղումներ

Ղազախստանում մտադիր են չեղարկել Նազարբաևին հատուկ կարգավիճակ շնորհող օրենքը


Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին վերաբերող սահմանադրական օրենքը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր այդ մասին հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Այդոս Սարիմը։ Նրա խոսքով՝ Նազարբաևին վերաբերող հատուկ օրենքի չեղարկման հարցը խորհրդարանի երկու պալատները կքննարկեն համատեղ նիստի ընթացքում։

«Հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի, որը և կքննի այս հարցը։ Առաջին նախագահի մասին օրենքի չեղարկումից հետո Նազարբաևի լիազորությունները կկարգավորվեն Սահմանադրության համապատասխան հոդվածներով և «Ղազախստանի նախագահի մասին» օրենքի այն դրույթներով, որոնք վերաբերում են երկրի նախկին ղեկավարներին։ Դրա հետ մեկտեղ կվերացվեն այն արտոնությունները, որոնցով օժտված են առաջին նախագահի ազգականները», - նշել է ղազախստանցի պատգամավորը։

«Ղազախստանի առաջին նախագահի մասին» 2000 թվականին ընդունված օրենքի առանցքային դրույթներից մեկը Նուրսուլթան Նազարբաևի անձեռնմխելիության երաշխավորումն է։ Դրա համաձայն՝ Ազգի առաջնորդի (Ելբասի) կոչումը ստացած Նազարբաևին պաշտոնաթողությունից հետո արգելված է ձերբակալել, հրավիրել հարցաքննության, ինչպես նաև խուզարկել նրան պատկանող տարածքները։ Բացի այդ, օրենքով երաշխավորվում է Նազարբաևին և նրա հարազատներին պատկանող բանկային հաշիվների անձեռնմխելիությունը։

XS
SM
MD
LG