Մատչելիության հղումներ

Դարբինյանի նկատմամբ երկրորդ գործը վաղեմության հիմքով իրավական ընթացք չի ստանում դատարանում


Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան

Դատարանը դարձյալ որոշել է, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման ժամանակ հերթական հանցավոր արարքն է արել՝ կեղծիքի միջոցով սեփականացման ոչ ենթակա տարածքներ վաճառել ու վնաս հասցրել համայնքին։ Բայց նույն դատարանը նաև համարել է, որ նրա պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է և դադարեցրել քրեական հետապնդումը քաղաքը 17 տարի ղեկավարած Դարբինյանի նկատմամբ։

Միաժամանակ դատախազությունը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «հողատարածքը համայնքին վերադարձնելու իրավական գործընթաց սկսելու համար՝ դատական ակտի օրինակը կուղարկեն Վանաձորի ղեկավարին»։

Համայնքապետարանից դեռ չեն պատասխանում, թե արդյո՞ք կդիմեն դատարան Սամվել Դարբինյանի, ըստ դատարանի, անօրինական վաճառած տարածքը վերադարձնելու պահանջով։ Ազատությանն» ասացին, թե հարցը կքննարկեն դատական ակտն ստանալուց հետո։

Մինչ այդ, նախկին քաղաքապետը դարձյալ պնդում է, թե որևէ հանցանք չի արել, համայնքին վնաս չի պատճառել, հատուցելու կամ վերադարձնելու մասին չի էլ մտածում. - «Ես որևէ վնաս իմ համայնքին երբևէ չեմ տվել, հիմա էլ պայքարում եմ, որ որևէ մեկը չտա»։

Այս անգամ դատարանի որոշումը Վանաձորի բժշկական կենտրոնի մերձակայքում գտնվող ընդամենը 85 քառ մետր տարածքի մասին է։ Դարբինյանն իր պաշտոնավարման ժամանակ այն ուղղակի վաճառքի ձևով օտարել էր, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և վաճառքի ենթակա չէր։

Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը շաբաթներ առաջ «Ազատությանն» ասել էր՝ Դարբինյանն անտեսել է օրենքի պահանջները, կեղծ փաստաթղթեր ներկայացրել Կադաստրի կոմիտե և վաճառել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող տարածքը. - «Ուղղակի վաճառքով, 60 հոդվածի տակ ընկնող հողատարածքը օտարել է։ Կադաստր ինքը գրություն է գրել, որ էս չի ընկնում 60 հոդվածի տակ, այսինքն՝ ոչ օտարման ենթակա տարածքների տակ: Ես պնդում եմ, որ իրականում հանցագործություն է տեղի ունեցել, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր են։ Մենք ղեկավարվում ենք օրենքի կանոններով և չենք կարող չկիրառել վաղեմության ժամկետը՝ եթե դրանց անցել են»։

«2016 թվականին Սամվել Դարբինյանը, թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանին հաստատել է։ Դրա հիման վրա հողամասը մոտ 400 հազար դրամով վաճառվել է՝ Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից», - ասված է իրավապահների եզրակացության մեջ:

Սա արդեն երկրորդ գործն է, որ դատարանում վաղեմության հիմքով իրավական ընթացք չի ստանում։ Մեկ տարի առաջ էլ հաստատված էր համարվել նախկին քաղաքապետի մեղքը համայնքի 5 տարածքներ ապօրինի վաճառելու մեջ, բայց նա ազատվել էր պատասխանատվությունից։ Այս դեպքում համայնքապետարանն արդեն դիմել է դատարան։

Քրեական վարույթներից պարզ է դարձել, որ Վանաձորի նախկին ղեկավարը քաղաքի հրապարակի երկու հարակից տարածքները վաճառել է իր հարազատներին, խորհրդային տարիների ահռելի մանկապարտեզի շենքն էլ՝ Հանրապետական կուսակցությանը, որի տեղի կառույցի ղեկավարն է մինչև այսօր։ Այս տարածքները վերադարձնելու պահանջ չեն դրել իրավապահներն ու քաղաքի ղեկավարները, փոխարենն արդեն կես տարի ընթացող դատական գործով համայնքը 61 միլիոն դրամ է պահանջում նախկին քաղաքապետից՝ որպես հասցված վնասի հատուցում։ Դարբինյանը դեմ է նաև այս պահանջին։

XS
SM
MD
LG