Մատչելիության հղումներ

«Վեոլիա ջրի» հետ դատական վեճի արդյունքում կալանքի տակ է դրվել «Հաճն ջուր» ընկերության բյուջեն


Ավելի քան 30 հազար բնակիչ ունեցող Նոր Հաճնի 200 դիտահորերից շուրջ 80-ը խցանված է, «Հաճն ջուր» ՀՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ադամյանն ասում է՝ մի քիչ էլ, ու արդեն փողոցով հոսող կոյուղաջրերը կլցվեն շենքերի նկուղներ և բնակարաններ։ Աշխատակիցներին չեն կարող վճարել, որ դիտահորերը մաքրեն, որովհետև դատարանի որոշմամբ իրենց բյուջեն կալանքի տակ է։

«Մինչև ե՞րբ անվճար աշխատենք»,- հարցնում է Ադամյանը։ Դատարան դիմողը «Վեոլիա ջուր»-ն է, որը 2017 թվականից կառավարության որոշմամբ իրականացնում է Հայաստանի 45 քաղաքների ու 318 գյուղերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառավարումը:

Ադամյանն ասում է՝ օրենքը թույլ է տալիս, որ իրենք ինքնուրույն համայնքին ջուրը վերաբաշխեն, հրաժարվել են «Վեոլայի» հետ պայմանագիր ստորագրել, որովհետև առաջարկվող սակագինը բարձր է, բնակիչները չեն կարող վճարել:

«Հասույթը հաշվարկելով ինքնարժեքով վաճառվող ջրի՝ մենք հասկացանք, որ միայն «Վեոլիա ջրի» պահանջվող ջրի գումարը ամսական չենք կարողանալու տանք, էլ չեմ ասում աշխատավարձերի, հարկային պարտավորությունների և մեկ էլ վթարային և այլ խնդիրների հետ կապված ծախսերի մասին», - ասում է Ադամյանը:

«Վեոլիա ջրից» հակադարձում են՝ կառավարության որոշմամբ իրենք են երկրի միակ լիցենզավորված ջրամատակարար ընկերությունը։ Եթե համայնքը ցանկանում է ինքնուրույն իր բնակիչներին ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություն մատուցել, միևնույնն է ջուրը մեծածախով պետք է իրենցից գնեն։ Ընկերության, վարձակալության պայմանագրի կառավարման տնօրեն Արտակ Մալխասյանի խոսքով՝ իրենք ջուրը հասցնում են Նոր Հաճն համայնք, այնտեղից «Հաճն ջուր» ՀՈԱԿ-ը ջուրը վերաբաշխում է բնակիչներին, բայց հրաժարվում է վճարել իրենց հասցրած ու ծախսած ջրի համար, ոչ էլ պայմանագիր է ստորագրում, որ գոնե բաժանորդ դառնա։

«Վելոիա ջուրը» բիզնես կառույց է, բիզնես միավոր է, և ինքն, առաջնորդվելով հանրային հանձնաժողովի կողմից հաստատված սակագներով, առաջարկում է ծառայություն և այդ ծառայության դիմաց պահանջում է վճար, սակայն «Հաճն ջուրը» 17 թվականից սկսած ընդունելով ծառայությունը՝ հրաժարվում էր վճարել այդ ծառայության դիմաց, այդ պատճառով էլ պարտքերը գնալով կուտակվեցին»:

«Վեոլիա ջրի» ներկայացուցիչը հիշեցնում է՝ այդ 7 տարիների ընթացքում խմելու ջրի գինը պարբերաբար բարձրացել ու հասել է 200 դրամի, բայց այդ ՀՈԱԿ-ն իր բաժանորդներից դեռ 150 դրամ է գանձում։ «Հաճն ջուր» ՀՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ադամյանը պարզաբանում է՝ 7 տարի շարունակ ամսական 6 մլն դրամի պարտք է հաշվարկվում իրենց վրա, բայց իրենք ամեն ամիս մի կերպ 5.5 մլն դրամ են հավաքում բնակիչներից, ինչպե՞ս վճարեն «Վեոլիա ջրի» պահանջած գումարը։ Ադամյանն ասում է՝ պայմանագիր չեն ստորագրել, ինչո՞ւ պետք է կատարեն իրենց պարտադրվող պահանջները. «Ճանապարհներից մեկը սննանկությունն է, որ հիմնարկը պարտադրված ոչ մեր մեղքով հայտնվել է այս վիճակում, գնանք սննանկության գործընթացի, որովհետև իրապես չկան այդ գումարները, կամ էլ մյուս կողմից մենք նաև դիմել ենք կառավարությանը խնդրանքով, որ մեզ ամսական դոտացիոն գումար հատկացնեն, որ որպես ՀՈԱԿ մենք շարունակենք աշխատել»:

«Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի կառավարման տնօրենն ասում է՝ պետք է վճարեն, որովհետև. «Քաղաքացիական օրենդրության կարգավորումները եթե սուբյեկտը ստանում է ծառայություն, սակայն չի կնքում պայմանագիր, ապա ծառայություն ստանալով՝ նա հավաստում է, որ ինքը ստանում է այդ ծառայությունը, և օրենքի ուժով իր հետ այդ հարաբերությունը սկսվում է»։

«Հաճն ջուր» ՀՈԱԿ-ը կառավարությունից պահանջում է, որ աջակցեն իրենց մարել այդ պարտքը։ Ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ Աննա Մարգարյանն ասում է՝ կառավարությունը չի կարող բավարարել այդ պահանջը, որովհետև Նոր Հաճնը միակը չէ, որ ինքնուրույն է իրականացնում համայնքի ջրամատակարարումը:

«Սուբսիդիա տրամադրում են հիմնականում կառավարության կողմից սահմանված որոշման հիմա վրա, և տրվում են հիմնականում այն առևտրային կազմակերպություններին, որոնք ծառայություն են մատուցում շահավետ գնից ավելի ցածր գնով: «Հաճն ջուր» ՀՈԱԿ-ը ընթացակարգերին չի համապատասխանում որպես այդպիսին և որպես առանձնացված կարգով անհատական որևէ համայնքի սուբսիդիա տրամադրելը մեր պրակտիկայում և ընթացակարգերով սահմանված չէ», - նշեց նա:

«Հաճն ջուր» ՀՈԱԿ-ը «Վեոլիա ջուր» ընկերությանը 362 մլն դրամի մի մասը դատական մի քանի ակտերից հետո հարկադրաբար վճարել է, հիմա դեռ 299 միլիոն դրամ պարտք ունի։ Բյուջե մտնող յուրաքանչյուր դրամ կգնա այդ պարտքի մարմանը։ Նորհաճնեցիները տարակուսած են՝ ախր փողոցով հոսող կոյուղաջրերը շուտով իրենց տներ կհասնեն, «Վելոիա ջուրն» էլ ասում է՝ երբ համայնքը պարտքը մարի, իրենք կստանձնեն համայնքի ջրամատակարարման ու սպասարակման պարտականությունն ու կվերացնեն խնդիրները։

ՀՈԱԿ-ի աշխատակիցներն անհանգստացած են՝ կլոր տարի աշխատել են, բա իրենց իրավունքների մասին ո՞վ պետք է մտածի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG