Մատչելիության հղումներ

Համերգով հանդես կգան «Տալենտում» ծրագրի կրթաթոշակառուները


«Տալենտում համաստեղության հեքիաթ». այս խորագիրն է կրում այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագխմբի և «Երաժշտություն հանուն ապագայի» կրթամշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ։

Երեք տարի առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որի շնորհիվ էլ ծնունդ առավ «Տալենտում» կրթամշակութային ծրագիրը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Աննա Հովակիմյանն ընդգծում էր, որ իրենց նպատակը մեկն էր. - «Ստեղծել մի հարթակ, որտեղ որ կկարողանանք բացահայտել տաղանդավոր երեխաներին և օգնել կրթական մակարդակը բարձրացնելու։ Այսինքն՝ այն հիմքը, որ տալիս են մեր երաժշտական դպրոցները, ավելի հղկելու ու ավելի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու։ Արդեն երեք տարի է, գործում է մեր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որը իրագործում է «Տալենտում» կրթական և զարգացման ծրագիրը, և այսօր մենք կարող ենք ասել, որ մեզ մոտ կան 23 տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք ունեն շատ մեծ ներուժ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որ իրենց կրթական մակարդակը է'լ ավելի բարձրացնենք։ Այսօր երեկոյան կկայանա բոլորիս համար շատ պատասխանատու համերգ. մեր տասնութ պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»։

«Տալենտում» ծրագիրը, Աննա Հովակիմյանի ներկայացմամբ, իր մեջ ընդգրկում է տարբեր ուղղություններ, որոնք հնարավորություն են տալիս կրթաթոշակառուներին նաև բազմակողմանիորեն առնչվել արվեստին ու մշակույթին՝ մասնակցելով ոչ միայն մասնագիտական պարապմունքների, այլև այցելելով նաև ամենատարբեր թանգարաններ, ցուցահանդեսներ և այլն. - «Կազմակերպում ենք վարպետության դասեր մեր պատանի կրթաթոշակառուների համար։ Իրենք անցնում են օտար լեզվի դասընթացներ՝ ռուսերեն և անգլերեն, ունենք այցելություններ թանգարաններ, իրենց այցելում են դասական երաժշտության համերգներ, նաև իրենք են հանդես գալիս համերգներով, և ստանում են մեզանից ֆինանսական աջակցություն՝ կրթաթոշակներ։ Հիմնադրամի ուղղվածությունը ավելի շատ կրթական է, և բոլոր համերգային ելույթները, որ իրենք ունենում են, ավելի շատ ուղղված են ցույց տալու, թե ինչ են իրենք սովորել այդ մեկ տարվա ընթացքում մեր հիմնադրամի շնորհիվ և օգնությամբ»։

«Տալենտում» ծրագրի տևողությունը մեկ տարի է։ Ընտրվում են երկու տասնյակից ավելի տաղանդավոր երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև մարզերից։ Ծրագրի ավարտից հետո, Աննա Հովակիմյանի խոսքով, շարունակվում է պատանիների համագործակցությունը հիմնադրամի հետ։

Հովակիմյանը համոզված է, որ այսօր պատանիների հրաշալի սերունդ ունենք, և յուրաքանչյուրի պարտքն է աջակցել, սատարել այդ պատանիներին բոլոր ոլոտներում. - «Ամենակարևորը նա է, որ մեր հասարակությունը պետք է գնահատի այն տաղանդներին, որոնք որ հիմա կան։ Մեր ուշադրությունը սևեռված է շատ ու շատ այլ հարցերին, որոնք շատ կարևոր են իհարկե, բայց եթե մեր հասարակությունը չսկսի այսօր գործել վաղվա օրվա համար, ապա մենք կունենանք խնդիրներ։ Եվ մեր հիմնադրամի գերնպատակը հենց դա է, այսինքն՝ մենք անում ենք ինչ-որ մի բան, գործունեություն ենք ծավալում այսօր՝ նրա համար, որ վաղը ունենանք այդ արդյունքը։ Եթե յուրաքանչյուրս հասկանանք, որ այսօր ներդրում կատարելով մեր տաղանդավոր երեխաների կրթության մեջ, դա լինի երաժշտարվեստ թե այլ ոլորտ, կարևոր չէ, կարևորը, որ կրթության վրա մեծ ուշադրություն դարձվի։ Այդ դեպքում վաղը մեր պետությունը կունենա այլ ցուցանիշ և այլ վարկանիշ ամբողջ աշխարհում։ Այսօր պետք է ներդրում անենք, որ վաղը ունենանք այն Հայաստանը, որի մասին մենք բոլորս երազում ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG