Մատչելիության հղումներ

Վանաձորում խառնաշփոթ վիճակ է կապված գույքահարկի վճարումների հետ


Վանաձորի համայնքապետարանում գույքահարկի դեռ անցած տարի կատարված մոտ 10 հազար վճարումները չեն երևում, և տույժ ու տուգանքներ են հաշվարկվում։

Այս մասին օրեր առաջ համացանցում ահազանգել էին քաղաքացիները, որոնք պարզել էին, որ նախորդ տարվա իրենց վճարումը չի երևում, ընդ որում, իրենց պարտավորությունը համայնքի նկատմամբ կրկնապատկվել է, քանի որ դրանց տույժ ու տուգանքներ են ավելացել։

Համայնքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանը հաստատեց՝ մոտ 50 հազար գույքահարկ վճարող ունեն, դրանցից 10 հազարի դեպքում գումարները համայնքապետարանի հաշվին մուտքագրվել են, բայց որպես գույքահարկ չեն առանձնացվել։ Բնակիչների հասցեների վրա դրանք որպես պարտք են կուտակված։

«Գումարը գանձապետարանը քաղաքապետարանից ստացել ա, բայց մեր բաժինը ոչ ամբողջ գումարներն ա դեռևս մեխանիկորեն մուտք արված տվյալների բազա։ Երկու տարի կուտակված ա էղել, հիմա մենք էս տարի ուզում ենք հավասարեցնենք», - «Ազատությանն» ասաց Այվազյանը։

Նա վեց ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնին, և ասում է, թե պատասխանատու չէ նախկինում կատարվածի համար։ Միաժամանակ շեշտում է, որ մեխանիկական աշխատանք է. հարկատուները գույքահարկը մեծամասամբ վճարում են տարեվերջին, համայնքապետարանում էլ որոշակի ծանրաբեռնվածություն է առաջանում, աշխատակիցները չեն հասցնում լրացնել տեղեկատվական բազան. - «Բանկերում եթե իրանց ավել թիվ են ասում, և իրանք գիտեն, որ վճարել են, կտրոններն ունեն, մեզ մոտ ներկայացնելու դեպքում բոլոր հարցերը ճշտվում ա»։

Վանաձորցի Սերյոժա Ոփյանը եկել էր համայնքապետարանում վճարելու այս տարվա գույքահարկը։ Ասաց՝ պարտաճանաչ հարկատու է, երբեք պարտքեր չի կուտակում, նախորդ տարիներին կատարած վճարումների բոլոր կտրոնները ձեռքին էին։ Եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակիցը հենց այդ պահին մուտքագրեց Ոփյանի նախորդ տարվա վճարումն ու հանեց քաղաքացու նախորդ տարվա պարտքն ու դրա նկատմամբ հաշվարկված տուգանքը՝ մոտ 3000 դրամի չափով։

Այլ խնդիր է, եթե հարկատուն գումարը բանկերում է վճարում։ Քաղաքապետարանի պաշտոնյան չի բացառում՝ եթե քաղաքացին չհիշի իր նախորդ տարվա վճարման մասին, բանկում կարող են հավելյալ գումար գանձել՝ նախորդ տարվա պարտքի ու տույժ տուգանքների չափով։ Բայց միաժամանակ պնդում է, թե քաղաքացիների վճարած գումարներն ի վերջո չեն կորչի. — «Բոլոր քաղաքացիները, ովքեր մոտեցել են, մենք իրանց հարցը ճշտել ենք, և եթե մենք մուտք ենք անում իրանց վճարման օրով, որևէ տույժ, որևէ հավելյալ գումար իրանք չեն վճարում»։

Դեռ մեկ տարի առաջ, Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել, իշխող կուսակցության համայնքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանին ու նրա թիմին մեղադրեց հարկերի ու վարձավճարների տեսքով ընտրողներին կաշառելու մեջ։ Ասաց՝ ընտրություններից առաջ համայնքապետարանում մուտքերն զգալիորեն ավելացել են, բայց կասկած հայտնեց, թե հնարավոր է դրանք քաղաքացիների փոխարեն իշխանավորներն են արել. - «Սրանք կասկածելի գործողություններ են, որը կարող էր նաև ազդել ընտրությունների վրա։ Իհարկե, ես սա չեմ պնդում, սա կասկած է, որը կարիք ունի ուսումնասիրության»։

Մարզպետի այս հայտարարություններին իրավապահներն այդպես էլ չարձագանքեցին, խաչատրյանն ինքն էլ իր կասկածների մասին այլևս չխոսեց։ Բայց ամիսներ անց, աշխատանքից ազատվեցին եկամուտների հավաքագրման բաժնի երկու աշխատակիցներ, որոնք հայտարարեցին, թե ընդդիմադիր, արդեն կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին համայնքապետի թիմակիցներն են ու իրենց աշխատանքից ազատել են քաղաքական դրդապատճառներով՝ սոցիալական ցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու համար։

Կարճ ժամանակ անց, մինչդեռ, քրեական գործ հարուցվեց աշխատակիցներից մեկի՝ Արթուր Ղազարյանի նկատմամբ, թե ավելի քան 20 միլիոն դրամ է հավաքագրել ու չի մուտքագրել տեղական բյուջե։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ դեռ նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանն ընդունել է մեղքն ու գումարի մեծ մասն արդեն վերադարձրել համայնքին։ Քրեական գործն էլ, հավանաբար կփակվի։ Ղազարյանը չցանկացավ խոսել այս մասին։ «Ազատությանն» ասաց՝ չի ուզում մեկնաբանել։

Ի վերջո հայտնի չէ՝ գույքահարկի վճարները ժամանակին, ըստ հասցեների չեն մուտքագրվել ենթադրաբար կոռուպցիոն մտադրությա՞մբ, թե՞ իսկապես անհնար էր, ինչպես հավաստիացնում են համայնքապետարանում։ Եկամուտների հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանն ասում է՝ դեռ հետամուտ են լինում՝ պարզելու՝ եղե՞լ են, արդյոք, նման այլ դեպքեր, թե ոչ, բայց նաև ասում, որ փորձում են նոր համակարգչային ծրագրեր ներդնել, որի դեպքում աշխատակիցների միջամտությունը հարկերի մուտքագրման դեպքում կնվազեցվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG