Մատչելիության հղումներ

Յոթերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել


Արդեն յոթերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում նշեց, որ արցախցիները, շրջափակման մեջ գտնվելով, խուճապի չեն մատնվում, պատրաստ են և կամք ունեն իրավիճակը հանգիստ հաղթահարելու:

Ռուբեն Վարդանյանը նաև հայտնեց, որ համակարգ են կառուցում. «Դա լինելու է համակարգ բոլորի համար, բոլորը հավասար են լինելու համակարգի առաջ: Մենք գիտակցված չենք վերադառնում անցյալ, գիտակցված չենք վերադառնում հետ, բայց այսօրվանից համակարգն այդպես է աշխատելու»:

Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, երեկ երեկոյան հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Եկող շաբաթվանից Արցախում վերսկսելու են դասերը, իսկ փակ ճանապարհի պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաների կրթությունը ժամանակավորապես կազմակերպվելու է Սյունիքում:

Դեկտեմբերի 13-ից 16-ն էլ Արցախում գազամատակարարումն էր դադարեցված: Արցախի պետնախարարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է նաև Լաչինի միջանցքը բացվել:

XS
SM
MD
LG