Մատչելիության հղումներ

Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան դրամատիկական թատրոնի նոր շենք է կառուցվելու


Ավարտվեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի պաշտոնական այցը Վրաստան։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի հետ, վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ է անցկացվել։

Հանդիպումների մասին բոլոր հաղորդագրություններում նշված է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու զրուցակիցների ցանկությունների մասին, չնայած հենց այդ ժամանակ Ադրբեջանը շրջափակած է պահում Լեռնային Ղարաբաղի հայերին։

Վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի շատ սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և գլխավորը՝ բարեկամություն։

«Երկու երկրների օրինակելի գործընկերությունը կնպաստի ավելի կայուն Հարավային Կովկասի, ինչը մեր ընդհանուր նպատակն է ու ցանկությունը՝ տեսնել կայուն տարածաշրջան, որը հիմք կլինի տնտեսական մեծ զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության համար», - նշել է Ղարիբաշվիլին։

Ալի Ասադովն ասել է, որ երկու ժողովուրդներին միավորում է բազմադարյա բարիդրացիությունը, փոխադարձ հարգանքն ու բարեկամական հարաբերությունները։

«Մեր երկրների միջև հարաբերություններն այսօր հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ռազմական և այլ ոլորտներում»,- ասել է Ասադովը, նշելով, որ Ադրբեջանն ու Վրաստանը միմյանց սատարում են նաև միջազգային հարաբերություններում։

«Մենք միշտ պաշտպանել ենք միմյանց տարածքային ամբոջականությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ասադովին ընդունել է Օրբելիանի դղյակում։ Այս հանդիպմանը Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ մոտ ապագայում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Վրաստան: Անցած հոկտեմբերին, երբ Ալիևը աշխատանքային այց էր կատարել Վրաստան, հանդիպում չէր ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Վերջին յոթ տարվա ընթացքում դա Ալիևի առաջին այցն էր հարևան երկիր։

Զուրաբիշվիլի- Ասադով հանդիպմանը ընդգծվել է, որ աշխարհում և տարածաշրջանում առկա գործընթացների ֆոնին Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամական, գործընկերային հարաբերությունները ավելի մեծ նշանակություն են ստանում։

Ադրբեջանի վարչապետի այցի արդյունքում բիզնես ոլորտում համագործակցության մի քանի փաստաթղթեր են ստորագրվել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թբիլիսիում ադրբեջանական դրամատիկական թատորոնի նոր շենք կառուցել։ Ադրբեջանի նախկին առաջնորդ, ներկայիս նախագահի հոր անունը կրող Հեյդար Ալիևի անվան թատրոնը կառուցվելուէ Օրթաճալայում, այդ թաղամասում է գտնվում Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG