Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է հայ ու ուկրաինացի վավերագրող լուսանկարիչների «Զուգահեռ կյանք» ցուցահանդեսը


Հեծանիվով այս տղայի թիկունքում ռմբահարված դպրոցի փլատակներն են... հասցրել է փախչել ու հայտնվել տեսախցիկի առջև։

Տղան կարող է լինել հայ, ուկրաինացի, պատերազմական գոտի դարձած որևէ բնակավայրի խաղաղ բնակիչ։

«Մենք փորձեցիքն այդ ձայները միացնել և ստեղծել երկխոսության հարթակ, որտեղ լուսանկարի միջոցով հեղինակները, արվեստագետները կպատմեն իրենց երկրներում ընթացող պատերազմի ու կյանքի մասին», - ասում է ցուցահանդեսի համադրող Տիգրան Ամիրյանը։

Նրա խոսքով՝ լուսանկարներում տարբեր դեպքեր, բայց նույն հայացքներն են. - «Եվ ցուցահանդեսի միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչպես են մեր հանրությունները այդ պատերազմական կամ հետպատերազմյան ժամանակում փորձում համակերպվել»։

«Այս երեխաները նկուղում են ապրում ուկրաինական պատերազմի հենց առաջին օրվանից, ոչ մի տեղ չեն գնում։ Հարցրել եմ՝ ինչո՞ւ դուրս չեք գալիս երկրից, ինչո՞ւ չեք օգվում ինչ-որ սոցիալական ծրագրերից։ ուսերն են թոթվում, արդեն չգիտեն էլ չի ասել, համակերպվել են», - ասում է ցուցահանդեսի մասնակիցներից Խարկովի արվեստի ակադեմիայի դասախոս, վավերագրող լուսանկարիչ Ստանիսլավ Օստրաուսը։

Նա ասում է, որ հիմա միայն պատերազմ է լուսանկարում։ Թե ինչ կփոխեն այդ լուսանկարները ուրիշների կյանքում, Ստասը չգիտի. - «Ես ինձ օգնեցի և հույս ունեմ, որ օգնում եմ նաև ուրիշներին։ Սա էլ է ինֆորմացիա, ապրումակցում»։

«Խաղաղ բնակիչներ», «Մարդիկ». շենքերի, դարպասների վրա այս գրությունները ռոսւների համար են», -ասում է Ստասը. - «Երբ մտան Խարկով, կրակում էին անընդհատ։ Կրակում էին, ռմբահարում քաղաքը, չէր անջատվում տագնապի ազդանշանը։ Քաղաքն անընդհատ գնդակոծության տակ էր»։

«Լուսանկարը միայն մասնակի կարող է ցույց տալ այն, ինչ ես զգում եմ», - շարունակում է նա։ - «Իմ նկարած մարդկանց զգացմունքներն էլ մնում են կադրից դուրս։ Լուսանկարը չի կարող ամբողջությամբ պատկերել պատերազմի ամբողջ սարսափը. քաղաքների մթությունը, մարդկանց դժբախտությունը։ Բայց դե մարդիկ շարունակում են ապրել, պահպանել իրենց անցյալը, ապագայի հետ հույս կապել։ Պատերազմը մի օր պիտի ավարտվի և դրա հետ դեռ պետք է ապրել»։

«Լավ չէ, երբ որ մեզ համար կյանքի կորուստը և' ուղիղ, և' փոխաբերական իմաստով դառնում է սովորական», - ասում է ցուցահանդեսի մասնակիցներից Անի Գևորգյանը։

Նրա տեսախցիկը վերջին երկու տարիներին պատերազմի հետքերով է շրջում։ Այս լուսանկարները ոչ միայն պատերազմի հետևանքով ֆիզիկապես կորած կյանքերի, այլ նաև, Անիի խոսքով, կորսված ճակատագրերի մասին են. - «Երբ որ շարունակաբար պատմում ես պատմությունները այն անձանց մասին, ովքեր ոչ թե ինչ-որ պահի ուղղակի կորուստ կրեցին և անցան առաջ, այլ շարունակում են անդադար անցնել կորուստների այդ դժվար ճանապարհը, մարդկանց մոտ գուցե պատերազմի և դրա ընթացող և սողացող հետևանքների նկատմամբ զգայունությունը չի անհետանում»։

Այժմ դժվար է ապացուցել ակնհայտ բաներ, եթե չկան լուսանկարներ, ապացույցներ։ Լվովից լուսանկարիչ Կատրենա Մոսկալյուկը պատմում է՝ ռուս-ուսկարիանական պատերազմի երկորդր օրից փողոցներով, տներով է շրջում։ Ասում է՝ մարդիկ ուզում էին խոսել, կիսել իրեց պատմությունները. - «Սրանք օտար պատմություններ չեն, իմ պատմություններ են, իմ ցավի մասին։ Դժվար է խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրել են այս ցավը։ Ոմանք վերապրում եմ այս ամենը պատմելիս, ոմանց համար տեսախցիկը դառնում է զգացմունքները դուրս հանելու հնարավորություն։ Պատերազմի ավարտից հետո էլ մենք դեռ շատ երկար ժամանակ աշխատելու ենք պատերազմի հետևանքների հետ։ Չնայած մենք ապրում ենք տարբեր երկրերում, խնդիրները գրեթե նույն են, համենայն դեպս շատ նման են։ Ի վերջո, պատերազմներից առաջին հերթին սովորական մարդիկ են տուժում։ Բոլորի ցավը նույնն է»։

Հայ-ուկրաինական համատեղ ցուցահանդեսը փորձ է ցույց տալ ընդամենը այն, որ աշխարհի բոլոր կետերում մարդիկ մի բան են ուզում՝ խաղաղություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG