Մատչելիության հղումներ

Ամենագլխավորը՝ խուսափել առճակատումներից և բռնություններից. Օլեսյա Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին


Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Դեկտեմբերի 13-ին էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Այս թեմայի շուրջ «Ազատությունը» զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

«Ազատություն». - Ինչո՞ւ բանը հասավ Լաչինի միջանցքի փակմանը:

Վարդանյան. - Ինձ թվում է, որ բոլորս էլ տեսանք Ստեփանակերտի մոտակայքում ճանապարհը փակած մարդկանց, ինչպես տեսնում ենք սա է գլխավոր խոչընդոտը Ստեփանակերտի հետ կապը վերականգնելու համար:

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք հավատո՞ւմ եք, որ իրականում դա բնապահպանական խնդիր է:

Վարդանյան. - Ինձ թվում է՝ հիմա քչերն են հասկանում այս խնդրի բնապահպանական բաղադրիչը, քանի որ, իհարկե, եթե խնդիրը լիներ հենց բնապահպանական հարցերի մեջ, ապա բանակցելու համար ինչ-որ նախադրյալներ կլինեին, մանավանդ որ, ինչպես տեսաք, Ստեփանակերտը պատրաստ է մտնել նման երկխոսության մեջ և նույնիսկ հրավիրել որոշ միջազգային դիտորդների։ Այնպես որ, հավանաբար, ի վերջո, խոսքը մի բանի մասին է, որը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Սա առաջին հերթին իր պատճառներն ունի այն գործընթացում, որն այժմ տեղի է ունենում Բաքվի և միջազգային միջնորդների միջև, որոնք փորձում են ինչ-որ կերպ օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջ շարժվել նորմալացման գործընթացում։ Ինչպես գիտեք, Բաքուն հրաժարվում է Երևանի հետ ուղիղ քննարկել Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված հարցեր՝ դա անվանելով ներքին գործ։

Սկզբում այս առաջարկները գալիս էին Բրյուսելից։ Այժմ Վաշինգտոնի ներկայացուցիչներն են շատ ակտիվ ներգրավված դրանում և փորձում են Բաքվին մղել գոնե ինչ-որ ակնարկ տալու, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը գնա այս քայլին և խաղաղության պայմանագիր ստորագրի։ Իրականում, այժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, թե ինչպիսին կարող են լինել Բաքվի և Ստեփանակերտի միջև հարաբերությունները, միջազգային հանրության մասնակցությունը դրան: Բայց, ըստ երևույթին, Բաքուն արդեն քիչ թե շատ իր պատկերացումն ունի, այսպես ասած, սովորական պրակտիկան: Ես նույնիսկ կասեի, որ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանն առաջին հերթին, փորձում է առաջ քաշել սեփական շահերը և ելնելով սեփական դիրքորոշումներից, հետո կառուցել մյուս բոլոր դիվանագիտական, քաղաքական գործընթացները։ Չգիտեմ՝ նկատել եք, թե՝ ոչ, բայց Բաքվից մեզ մի կողմից ասում են, որ՝ ոչ, Ստեփանակերտի հետ երկխոսություն չի լինելու, բայց մյուս կողմից, և սա գոնե մեկ անգամ հնչել է հրապարակավ, երբ Ադրբեջանի նախագահն ասաց, որ սկզբունքորեն շփումներ կան, և ինքը չի հերքում Ստեփանակերտի հետ ինչ-որ գործընթացի պահպանման հնարավորությունը։ Նա դա ասել է անցյալ ամիս Բաքվում գտնվող եվրոպացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ Չգիտեմ՝ դիտմամբ է դա արել, թե՝ ոչ, բայց, թերևս, դա առաջին անգամն էր, որ նա երբևէ ակնարկեց, որ՝ «այո, մենք քննարկում ենք այն առաջարկները, որոնք գալիս են մեր օտարերկրյա միջնորդներից»։

Այնպես որ, թե ինչ կլինի սրա շուրջ և ինչպես այս ամենը կզարգանա, իհարկե, դեռ պետք է հետևենք։ Բայց գլխավորն, ինձ թվում է, այն է, որ անհրաժեշտ է հանգստություն պահպանել և խուսափել մի իրավիճակից, երբ, օրինակ, Լաչինի ճանապարհին այս գործընթացները դառնան բռնի, և, Աստված մի արասցե, դա ինչ-որ կերպ հանգեցնի ապակայունացմանը առաջնագծի այլ հատվածներում: Այսինքն՝ միգուցե գործընթացները Շուշիի մոտ լինեն, բայց մարտերը սկսվեն մեկ այլ վայրում։ Սա թերևս ամենագլխավորն է, խուսափել՝ ինչ-որ առճակատումներից և բռնություններից:

«Ազատություն». - Այսինքն չեք բացառում ռազմական բախման վտանգը։

Վարդանյան. - Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան բախումներից հետո, երբ երկու օրվա ընթացքում երկու կողմից զոհվեց ավելի քան 200 մարդ, վիրավորվեց գրեթե 500-ը, և դուք տեսաք, թե դա ինչ հետևանքներ ունեցավ բնակչության համար, բանակցային գործընթացը գնաց բոլորովին այլ ուղղությամբ, քանի որ շատ բարդ հարց է ավելացել՝ կապված Երևանի պահանջի հետ, որ Ադրբեջանը դուրս բերի իր դիրքերը Հայաստանի տարածքից: Դրանից հետո շատ դժվար է ինչ-որ կերպ բացառել նոր լարվածության, առճակատման հնարավորությունը։ Եվ, ցավոք, եթե դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, շատ դժվար կլինի խոսել բանակցային գործընթացի հեռանկարների, խաղաղ բաղադրիչի մասին։ Իսկ առանց բանակցությունների միշտ էլ ռազմական գործողությունների հավանականությունն ավելի մեծ է։ Բայց եթե այդ պատերազմը լինի, իրականում ինձ թվում է՝ բոլորն էլ հասկանում են, որ այս անգամ այն միգուցե ավելի կարճ տևի, քան 2020-ին, սակայն ոչ պակաս արյունալի: Ամենայն հավանականությամբ, այն կհանգեցնի ավելի մեծ կորուստների հայկական կողմից և, հավանաբար, ի թիվս այլ հարցերի կասկածի տակ կդնի նաև Հարավային Կովկասի որոշ երկրների պետականության բաղադրիչները։

«Ազատություն». - Հարց, որ այս օրերին հնչում է Հայաստանում՝ ինչո՞ւ չեն միջամտում ռուսները, չէ՞ որ եռակողմ հայտարարությամբ դա նրանց պատասխանատվության գոտին է:

Վարդանյան. - Ինձ թվում է՝ սա արդեն ոչ թե որպես հարց է հնչում, այլ որպես կոնկրետ պահանջ։ Որովհետև հարցերը բարձրացվել են 2021-ին, 2022-ի սկզբին։ Հիշո՞ւմ եք՝ պատերազմից հետո Երևանի ռազմավարությունն էր, որ որտեղ էլ ճեղք էր առաջանում, որտեղ էլ ինչ-որ խնդիրներ կային, այնտեղ միշտ ռուսական ներկայություն էին առաջ տանում՝ սահմանապահների կամ զինվորականների տեսքով։ Սա էր նրանց ռազմավարությունը։ Այսինքն՝ նրանք իրականում գնացել էին հենց ռուսական ներկայությունը մեծացնելու ճանապարհով։ Բայց 2021-ի աշնանից սկսած մենք տեսնում ենք, որ այս ռազմավարությունը դադարել է գործել։ Բայց ոչ այն պատճառով, որ իրավիճակն է հանդարտվել սահմանի երկայնքով։ Անցած նոյեմբերին տեղի ունեցավ ամենալուրջ առճակատումներից մեկը, որից հետո Եվրամիությունը միջնորդություն ստանձնեց։ Եվ այս ամենը պատահական չի տեղի ունենում։

Երևանում գիտակցում են, գուցե ոչ հրապարակավ, բայց գոնե հասկանում են այն թուլությունը, որ պահպանվում է 2020-ից հետո։ Վերջերս իշխանությունն արդեն բավական բացահայտ սկսել է խոսել, որ նույնիսկ չեն կարողացել վերականգնել պատերազմի ժամանակ ոչնչացված սպառազինությունը։ Այսինքն՝ Ռուսաստանից նոր մատակարարումներ չեն եղել, ինչպես նրանք են ասում։ Եվ այս իրավիճակում Ռուսաստանի հետ այլևս հույս կապել չի լինում։ Եվ ինձ թվում է, որ Երևանում հավանաբար դեռ այս տարվա սկզբից այլ ուղղությամբ են հույս փնտրում։ Բայց նրանց հույսը կապված չէ նրա հետ, որ Արևմուտքին ստիպեն իրենց կողմը կանգնել ռազմական գործողությունների առումով, դե, օրինակ, բանակ ուղարկել։ Առնվազն որևէ խելամիտ մարդ դրա մասին հիմա չէր խոսի։ Բայց նրանց հիմնական ռազմավարությունը հենց դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին ստիպելուն է կանգ առնել։ Եվ այս առումով, իհարկե, Մոսկվայի առաջ բարձրացված հարցերը լրիվ հիմնավոր են։

Ու Մոսկվան Երևանի վեկտորի այս՝ թեկուզ ոչ 180 աստիճանով փոփոխությամբ բոլորովին էլ գոհ չէ: Այն նույնիսկ տարածվեց հանրային տիրույթ՝ արտգործնախարար Լավրովի հայտարարության տեսքով, ով մասնավորապես ասել էր, որ Ռուսաստանը դուրս է գալիս Մինսկի խմբից: Դրանից հետո, ցավոք սրտի, Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ միայն Մինսկի խմբի շրջանակում, այլ ընդհանրապես մնացած բոլոր ոլորտներում չեն շփվում իրենց արևմտյան գործընկերների հետ։ Սա շատ մեծ խնդիր է ու առաջին հերթին նրանց համար, ովքեր ցանկանում են կայունություն պահպանել Հարավային Կովկասում հիմա՝ այն իրավիճակում, որ տեսնում ենք Ուկրաինայում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG