Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել Արցախի հարցով


Ադրբեջանցի «բնապահպանները Գորիս - Ստեփանակերտ ճանապարհին
Ադրբեջանցի «բնապահպանները Գորիս - Ստեփանակերտ ճանապարհին

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են, որ իշխող ուժը հրատապ արտահերթ նիստ հրավիրի։ Խորհրդարանը պետք է հայտարարություն ընդունի ու դատապարտի ադրբեջանցիների սադրանքները Լաչինի միջանցքում, ասում է Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայտարարության բովանդակությունը դատապարտում է Ադրբեջանի սադրանքը, զորակցություն է հայտնում ռուս խաղաղապահ ուժերին, կոչ անում, որ լիարժեք իրականացնեն իրենց խաղաղապահ առաքելությունը։ Նաև կոչ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականությունը», - հավելեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիրները բավարար ստորագրություններ հավաքել են ու պահանջում են, որ արտահերթը հրավիրվի վաղը կեսօրին, փոխանցեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Էլի առաջարկում են, որպեսզի չխոսենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Նախ իրավիճակն ենք ներկայացրել, նկարագրել, գնահատել ենք, որ Ադրբեջանը էս պահվածքը ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ խնդրի լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեջ է»։

Ազգային ժողովի աշխատակազմը ընդդիմության նախաձեռնության վերաբերյալ գրությունը ստացել է, և եթե փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացված են, հայտարարության նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ասաց Ազգային ժողովի նախագահի խոսնակը։

Խորհուրդը պետք է նիստ հրավիրի ու որոշի՝ բավարարի՞ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը, թե՞ ոչ։ Մինչ այդ, Արծվիկ Մինասյանը խոսել է իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, որը, ըստ Մինասյանի, ասել է, թե իրենք էլ են մտադիր Արցախի թեմայով արտահերթ նիստ հրավիրել. - «Իրենք ասում են իրենք էլ ունեն նախագիծ նույն հարցի կապակցությամբ։ Առաջարկել ենք, որ եթե նախագիծ կա, իրենց նախագիծը թող առաջարկի»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչև այս պահը պաշտոնապես չի հայտարարել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Խմբակցության պատգամավորներից «Ազատությանը» փոխանցեցին, թե վաղը նման մտադրություն ունեն։

Ընդդիմությունը նախորդ շաբաթ էլ էր արտահերթ նիստ հրավիրել Արցախի անվտանգության թեմայով, սակայն իշխանությունը ձեռնպահ քվեարկեց ու այն չընդունվեց։ Դեմ էր Արցախի կարգավիճակի մասին ընդդիմության ձեւակերպումներին։

XS
SM
MD
LG