Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստվում է 2 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում


Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության շենքը, Բաքու, արխիվ
Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության շենքը, Բաքու, արխիվ

Եվրամիությունը նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։

Նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին «Թուրան»-ին հայտնել են Բաքվում Եվրամիության գրասենյակից։ Այդ ծրագիրը համակարգելու, առաջնահերթությունները որոշելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։

«Այսօրվանից սկսում է գործել Եվրամիության տնտեսական ներդրումների բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Համակարգող նոր մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ կորոշի ու կիրականացնի առաջնահերթ ներդրումները։ Այն կարող է առավելագույնս օգտագործել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային պլանի պոտենցիալը՝ մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումը Ադրբեջան բերելու համար», - նշված է հաղորդագրությունում։

Աշխատանքային խումբը կանոնավոր հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովի, եվրոպական ֆինանսական հաստատությունների ու Ադրբեջանի կառավարության հետ՝ որոշելու և համատեղ իրականացնելու առաջնահերթ ներդրումային ծրագրերը, ուսումնասիրվելու է ներդրումների հնարավորությունը վերականգնվող էներգիայի, հաղորդակցությունների, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում, կանաչ ու թվային տեխնոլոգիաներին անցնելու գործում։

Եվրահանձնաժողովի համապատասխան բաժնի ղեկավար Լոուրենս Մերեդիթն ասել է, որ տնտեսական և ներդրումային բարձր մակարդակի աշխատանքային խմբի մեկնարկը Եվրամիության և Ադրբեջանի սերտ գործընկերության ևս մեկ վառ ապացույց է։

«Տնտեսական-ներդրումային պլանն արդեն շոշափելի օգուտ է տալիս Ադրբեջանի ժողովրդին։ Ադրբեջանին արդեն հատկացվել է 90 միլիոն եվրո Գյանջայում փողոցների լուասավորությունը բարելավելու և փոքր բիզնեսը ֆինանսավորելու համար։ Աշխատանքային խմբի մեկնարկով մենք կարող ենք Ադրբեջանի համար ապահովել մեծ օգուտներ, որ նախատեսված է տնտեսական-ներդրումային ծրագրով», - ասել է նա։

Ադրբեջանում ներդրումային հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրահանձնաժողովի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Ադրբեջանի պետական հաստատությունների ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG