Մատչելիության հղումներ

Ավանդական աշնանային սալոնն այս տարի նվիրված է Նկարիչների միությունը հիմնադրման 90-ամյակին


Այս տարի Նկարիչների միությունը նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց այսօր Նկարիչների միությունում բացված մեծածավալ մի ցուցահանդեսով։ Ներկայացված են ավելի քան 300 գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից առաջ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում. - «Այսօր դեկտեմբերի 8-ն է՝ Նկարիչների միջազգային օրը, և մենք այդ օրը որոշել ենք բացել ցուցահանդես։ Մեր ավանդական աշնանային սալոնն է սա, որը նվիրված է Հայաստանի նկարիչների միության հիմնադրման 90-ամյակին։ Երեք հարկերում զետեղված են աշխատանքները, մոտ 300 մասնակից, հրավառություն է նկարների, քանդակների, տարբեր-տարբեր աշխատանքների։ Գրաֆիկական աշխատանքներ ունենք ցուցադրվող, դեկորատիվ-կիրառական արվեստ ունենք։ Տարբեր սերունդների նկարիչներ, ովքեր մեր միության անդամներն են, մասնակցում են միայն Նկարիչների միության անդամները»։

Միության ցուցարահներում բացված այս ծավալուն ցուցահանդեսն իրոք անչափ ուշագրավ է և արտացոլում է հայ ժամանակակից կերպարվեստն ու քանդակը՝ իր ամենատարբեր դրսևորումներով և ոճավորմամբ, նաև լավատեսությամբ։ Կողք-կողքի զետեղված տարբեր սերունդների արվեստագետների աշխատանքները մի յուրօրինակ տրամադրություն են ստեղծում՝ միախառնվելով և ներկայացնելով շատ հետաքրքիր ուղղությունների մի ողջ ներկապնակ՝ տարբեր, խիստ ինքնատիպ լուծումներով և համադրություններով։

Սաֆարյանի համոզմամբ, տարբեր սերունդների միության անդամների ժամանակակից նկարները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ունենք հայ մշակույթ. - «Եվ կարող եմ ասել, որ ունենք հրաշալի երիտասարդ սերունդ, որոնք աշխատում են, ստեղծագործում են, ցուցադրվում են, շատ ակտիվ են։ Նաև այս ցուցահանդեսին ունենք երիտասարդներ, ովքեր իրենց աշխատանքներով ցուցադրվում են։ Ունենք մի հզոր կերպարվեստի դարաշրջան, որը որ տարբեր տարիներին իր հետքը թողել է Հայաստանի Հանրապետությունում, նաև աշխարհում։ Պետք չէ վհատվել, պետք չէ տանուլ տալ ինչ-որ հույզերի, թե ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ շատ վատ է։ Ոչ, ամեն ինչ շատ լավ է լինելու, նաև կերպարվեստի բնագավառում։ Այո, կան խնդիրներ, այդ խնդիրները ամբողջ աշխարհում են, բայց այդ խնդիրներով մենք չպետք է ապրենք, այլ պետք է արվեստասեր հանրությանը ապրեցնենք մեր ստեղծագործություններով։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր միության 90-ամյակի կապակցությամբ։ Շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի նկարիչների միությունը մեր մշակութային դաշտում, մեր կերպարվեստի ներկայացուցիչներին մաղթեմ ամենալավն ու բարին, թող ստեղծագործեն, թող խոչընդոտները լինեն շատ քիչ, հնարավորինս ճանապարհը, որը պետք է անցնի նկարիչը, թող հեշտ լինի»։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը։ Հոբելյանական այս ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցում էին նաև մի շարք թանգարանների և նկարչական տների ներկայացուցիչներ։

«Այս ցուցահանդեսի շրջանակներում մեր գործընկերները, մեր աջակիցները, մեր հովանավորները ամեն մեկը իր հերթին եկել է և իր կողմից մրցանակ է պատրաստել իր նախընտրած հեղինակին։ Նկարչական խանութներն են՝ «Բլիկ» նկարչական խանութն է, «Դա Վինչի» նկարչական խանութն է, «Նևսկայա պալիտրա»... Աշնանային սալոնին նաև մեզ սիրով միացել են տարբեր թանգարաններ՝ Սարյանի տուն-թանգարանը, Փարաջանովի թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Կալենցի թանգարանը, Քոչարի թանգարանը», - նշեց Սուրեն Սաֆարյանը։

Հավելենք, որ Նկարիչների տանն այսօր բացված ցուցահանդեսին մասնակցում են նաև միության մարզային մասնաճյուղերի անդամները՝ մարզերում ապրող և ստեղծագործող գեղանկարիչներն ու քանդակագործները։

Առհասարակ ցուցահանդեսում ներկայացված հայ ժամանակակից քանդակագործների քանդակներն իրոք ցնցող տպավորություն են թողնում, և ակամայից մտածում ես, որ այդ քանդակներով կարելի էր զարդարել ոչ միայն մեր մայրաքաղաքը, այլև եվրոպական ցանկացած մայրաքաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG