Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը


Ազգային ժողովը, ձայների 66 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ, այսօր ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։

Ընդդիմությունը չմասնակցեց բյուջեի քննարկմանը։

Եկող տարվա պետբյուջեով եկամտային մասը կազմելու է՝ 2 տրիլիոն 301 միլիարդ 291 միլիոն 155.2 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 միլիարդ 147 միլիոն 50.7 հազար դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ 855 միլիոն 895.5 հազար դրամ։

Ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։

Գործադիրը հաջորդ տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Իշխանությունները հայտարարում են, որ նպատակին հասնելը հեշտ չի լինելու։

«Կլինեն նաև դժվարություններ։ Այս տարվա դրական զարգացումների արդյունքում ձևավորված բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է հետևողականորեն խորացնել իրականացվող բարեփոխումների ընթացքը և հաղթահարել զգալի դժվարություններ», - բյուջեի քննարկման ժամանակ ասել էր իշխող խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը։

«Խոսք տալը և խոստումը կատարելը տարբեր բաներ են։ Դաշինքի համար 2023 թվականի բյուջեն իրատեսական չի դիտվում և ըստ այդմ՝ անընդունելի է», - քննարկմանն ավարտին, լռությունը խախտելով, հայտարարել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

XS
SM
MD
LG