Մատչելիության հղումներ

Թալինցի ուսուցիչն ու աշակերտները հավելված են ստեղծել, որը «կօգնի երեխաներին ճիշտ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ»

Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանը Երևանի 192 դպրոցի մի խումբ աշակերտների հետ միասին հեռախոսային հավելված է ստեղծել, որը, մանկավարժի կարծիքով, կօգնի երեխաներին երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները՝ առանց խուճապի մատնվելու։

«Future Voice» դպրոցականների թիմը «Տեխնովացիա աղջիկներ - Հայաստան 2021» տարածաշրջանային մրցույթում «Գրան պրի» մրցանակ է ստացել՝ Be safe - Եղի՛ր ապահով» հավելվածի համար։

«Երբ սոցհարցումներ էինք իրականացնում, մանավանդ այս տարիքի երեխաները, որոնք սիրում են բջջային հավելվածի հետ հիմնականում գործածություն իրականացնել, հենց իրենք առաջարկեցին, որ կարելի է դա բջջային հավելվածով, որպեսզի ամեն անգամ չսպասեն, սեմինարից իմանան, սեմինար դպրոցներում՝ երբ է բախտ վիճակվելու իրականացնել, դրա համար մենք ասացինք՝ քանի որ հիմա երտասարդությունը շատ ժամանակ է տրամադրում բջջային հեռախոսների համար: Դրա համար մենք նախատեսեցինք, որ կարելի է այդ ժամանակի ընթացքում ձեռք բերել այնպիսի վարքականոններ, որ երկրաշարժի ժամանակ ապահով զգան: Այո, բնակչության գրեթե մեծամասնությունը ընդհանրապես տեղյակ չէ վարքականոններից», - «Ազատությանը» պատմեց Խուրշուդյանը:

Թալինի դպրոցում այսօր արդեն համատեղ աշխատանքի արդյունքն էին ներկայացնում. VR ակնոցները բջջային հավելվածին միացնելու և թալինցի ուսուցչուհու նախագծած հատուկ սարքի վրա կանգնելով փորձում էին ցույց տալ՝ ինչ է զգում մարդը երկրաշարժի պահին։

Օրինակ՝ տղամարդկանցից մեկը այդ պահին զգաց 7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ։ Հիմա նախագծում են մի նորք սարք՝ աթոռի տեսքով, որպեսզի աշակերտը նստած ժամանակ ևս զգա երկրակեղևի ցնցումը։

Մանկահասակ երեխաների համար ավելի պարզունակ միջոցներ են մտածել՝ լեգոներ, փազլներ և հեռախոսային պարզունակ խաղեր:

«Be Safe»-ը, ըստ հեղինակների, ազդանշանի միջոցով կտեղեկացնի, թե որտեղ է երկրաշարժը տվյալ պահին։ Փորձառու մանկավարժը վստահ է՝ միայն նորարարական միջոցներով է հնարավոր երեխաներին բերել դեպի գիտություն, հետաքրքրել բնագիտական առարկաներով։

Ուսուցիչն ուսման այս մեթոդը առաջարկել է Կրթության նախարարությանը։ Առայժմ միայն մարզի դպրոցներն են հետաքրքրվել նորամուծությամբ, պաշտոնյաները միայն խոստացել են մի օր հանդիպել, քննարկել. «Մեր առաջնային խնդիրն է, որ այս ամենով մենք կարողանանք համոզել մեր հանրակրթությանը և կրթությանը և արտակարգ իրավիճակներին, որ սա անհրաժեշտ է որպես առանձին առարկա՝ նորից Քաղպաշտպանություն առարկան դասապրոցես որպես դիտարկելի դառնալ: Դեռ արձագանքներ չենք ստացել, գրավոր նաև դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ այսպիսի ծրագիր ենք նախագծել, ցանկանում ենք ձեզ հետ սերտ համագործակցել: Մեզ պատասխանեցին, որ կհանդիպենք, բայց դեռ սպասում ենք՝ այդ հանդիպումը երբ է լինելու, որտեղ, որ ժամին»:

«Եղիր ապահով»-ի համահեղինակ ուսուցիչն այսօր մեկ անգամ չէ, որ հիշեց զարգացած երկների օրինակը, որտեղ քաղաքացիները մանկապարտեզից սովորում են նախ ինչպես ինքնապաշտպանվել, հետո ինչպես պաշտապանել երկիրը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG