Մատչելիության հղումներ

Վանաձորում 84 վթարային շենք կա, բյուջեում դրանց ամրացման մասին խոսք չկա


Վանաձորցի Անահիտ Աշուղյանն արդեն 34 տարի վթարային շենքում է ապրում։ Ասում է՝ բնակիչներով ամեն տարի դիմել են պատասխանատու կառույցներին՝ ամրացման ենթակա շենքերի ցանկում ներառված իրենց հինգհարկանին հուսալի դարձնելու խնդրանքով։ Եկել են, ուսումնասիրել, երրորդ աստիճանի վթարային համարել, անգամ ուժեղացման ծրագրերում ներառել, բայց ոչինչ չի փոխվել։ Երեք տասնամյակ պետության աջակցությանն սպասած բնակիչները ստիպված կոսմետիկ վերանորոգել են տները, անցքերը փակել։

«Գոնե վերանորոգեցինք, ծակերը փակեց, չորրորդ-հինգերորդ հարկը էլի ռեմոնտ արեցին, որովհետև գաջը թափվում էր, անընդհատ տները կեղտոտում, սենց ինչքա՞ն ապրեինք: Դե ապրենք, ինչքան կապրենք, կապրենք», - ասում է նա:

Մինչդեռ ամեն, թեթև երկրաշարժից անգամ բնակարանում նոր ճաքեր են գոյանում, ու նոր անցքեր բացվում. «Ամեն անգամ թափ թալով՝ էս անցքերը մեծանում են, ճաքերը մեծանում են, բալկոնում էլ է նույն վիճակը»:

Վանաձորում համայնքապետարանի տրամադրած ցանկի համաձայն՝ քաղաքի 1100 բազմաբնակարան շենքերից 84-ն են վթարային։ 18 տարի առաջ արված հետազոտության համաձայն՝ բոլոր 84-ն էլ երրորդ աստիճանի վթարայնություն ունեն։ Ցանկում ներառված շենքերը տարբեր տեսք ունեն՝ որոշ դեպքերում քարերն իրարից հեռացած են կամ արտաքին պատերին ակնառու մեծ ճեղքեր կան, մյուսները գոնե տեսանելի խնդիրներ չունեն։ Օրինակ՝ վթարայինների ցանկում ներառված Դեմիրճյան 2 շենքի հարակից 4-րդ շենքը, որ բնակիչների պնդմամբ ու արտաքին տեսքով շատ ավելի վատ վիճակում էր, համայնքապետարանի ցանկով վթարային չէ։ Բնակիչներին էլ դա զարմացրեց։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է՝ տվյալները թարմացման կարիք ունեն։ Ավերիչ երկրաշարժ տեսած շենքերը անցած տարիների ընթացքում նաև այլ ազդեցությունների են ենթարկվել։ Նոր ուսումնասիրության դեպքում հնարավոր է այս տվյալները փոխվեն, ասում է ճարտարապետը: Բայց շենքերի վիճակը դժվար թե բարելավված լինի, մանավանդ որ վթարային համարվող շենքերում քաղաքաշինական նորմերով արգելվում է պետական որևէ ծրագիր իրականացնել, ասենք՝ տանիքները նորացնել կամ մուտքերը նորոգել։ Քայքայված տանիքներ ունեցող շենքերն այս դեպքում էլ ավելի են շարքից դուրս գալիս։

«Տուն ծախում են, բայց դե բանկի միջոցով որ ուզում են անեն, բանկերը վարկ չեն տրամադրում, ասում են՝ վթարային է, տենց կանխիկ առնող եղել է», - ասում են բնակիչները:

Վթարային շենքերի մասին համայնքապետարանների տվյալները հրապարակային չեն։ Դրանց մասին բնակիչները տեղեկանում են միայն բանկերից վարկերի համար դիմելիս։ Բանկերը մերժում են վարկեր տրամադրել վթարային համարվող շենքերում բնակարան ձեռքբերելու համար։ Մինչդեռ նրանք, ովքեր կանխիկ, առանց բանկերի են տուն առնում, չեն էլ իմանում, որ իրենց շենքն ամրացման կարիք ունի։ Հովիկ Շերմազանյանը երեք տարի առաջ է բնակարան գնել ու վերանորոգել Դեմիրճյան 2 հասցեում։

«Եթե վիճակը ներեր, ավելի լավը կառնեիր», - ասում է նա:

80-ամյա Թեհմինե Քառյանն արդեն 27 տարի ապրում է կիսախարխուլ 4 հարկանիում, որի բնակարաններում մինչև 88-ի երկրաշարժը ռուս զինվորականներ են բնակվել։ Նրանց հեռանալուց հետո անտուն ընտանիքներ են այստեղ տեղավորվել, որոնց մինչև այսօր էլ օրինական բնակիչներ չեն համարում, տների սեփականատեր չեն դարձնում։

Այս դեպքում բնակիչները ևս այստեղ որևէ ծախս չեն անում։ Շենքի թե՛ արտաքին ու թե՛ ներսի պատերը լրիվ քայքայված են։ Սեփականատեր չհամարվող բնակիչներն էլ այլևս հույս չունեն, թե պետությունը մի օր այստեղ ծախսեր կանի քանդվող շենքը փրկելու համար. «Ամեն տարի եղել է այս խոսակցությունը, որ պիտի գան, վերանորոգեն, ոնց լսվում է, այդպես էլ վերջանում է»:

Համայնքի նախորդ տարիների զարգացման ծրագրերում ու բյուջեի ծախսերում վթարային շենքերի ամրացման մասին խոսք չկա։ Համայնքապետարանից ասում են՝ 84 վթարային շենքերի ամրացումը խոշոր գումարներ կպահանջի։ Առայժմ թե՛ քաղաքի իշխանությունները ու թե՛ կառավարությունը խոստումներ նույնպես չեն տալիս։

80-ամյա Թեհմինե Քառյանը չգիտի՝ իր ցուրտ ու անշուք բնակարանում դեռ որքան կապրի Բիլ անունով իր կատվի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG