Մատչելիության հղումներ

Ադրբեջանա-թուրքական զորախաղերն ուղերձ են նաև Իրանին


«Եղբայրական բռունցք» կոդային անվամբ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասնակիցներին պարգևատրել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը:

Զորավարժությունները տեղի են ունենում Բաքվում, ինչպես նաև Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում: Դրանց հետևելու նպատակով պաշտպանության նախարար Աքարից զատ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ամբողջ զինվորական վերնախավը՝ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա Ավսևերը, օդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթկիօղլուն, բարձրաստիճան այլ սպաներ և Ադրբեջանի բանակի ղեկավարները:

Նախօրեին Հուլուսի Աքարին և նրա ղեկավարած պատվիրակությանը զինվորական-պետական պատիվներով ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զորավարժություններին մասնակցում են տարբեր տիպի զորքերի ստորաբաժանումներ՝ հետևակ, օդուժ, ինժեներներ, սակրավորներ, հատուկ տեխնիկա: Ադրբեջանի բանակի գնդապետ Ֆիրուզ Բադալովը CBC ադրբեջանական հեռուստակայանի թղթակցին ասել է, որ ամբողջ տեղեկատվությունը զորավարժությունների տարբեր շրջաններից անօդաչուների միջոցով տեսահանվում և ընթացիկ ժամանակի ռեժիմով հեռարձակվում է հրամանատարական կենտրոնում, որտեղ զինվորականների աշխատանքին հետևում են բարձրաստիճան հրամանատարները:

Այսօր Էրդողանը և Ալիևը հեռախոսով շնորհավորել են զորախաղերին մասնակցող զինծառայողներին, Թուրքիայի նախագահի ուղերձը նրանց հասցնելու համար նախարար Աքարը հեռախոսը մոտեցրել է բարձրախոսին:

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Դուք ուժ տվեցիք բարեկամներին և վախ առաջացրեցիք թշնամիների մոտ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը թուրք և ադրբեջանցի զինծառայողներին և հավաստիացրել, որ «բանակների եղբայրությունն անխախտելի է»:

Զորախաղերի սցենարով ադրբեջանցիներն ու թուրքերը գետերի վրայով կառուցել են պոնտոնային կամուրջներ և ստորաբաժանումներ են ուղարկվել պայմանական հակառակորդի թիկունք:

Թեպետ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները երրորդ երկրների անուններ չեն հիշատակում, Բաքվի ռեժիմի տեսակետներն արտահայտող մամուլը բնավ չեն թաքցնում, որ այս ուժի ցուցադրումը ոչ միայն Հայաստանին, այլև հարևան Իրանին հասցեագրված ուղերձ է:

Ահա ընդամենը մի քանի վերնագիր ադրբեջանական թերթերից և գործակալություններից՝ «Բաքվի քայլը, որը կցնցի Թեհրանին», «Բացահայտ մեսիջ Իրանին՝ Արազն անցնելն Ադրբեջանի բանակի համար պրոբլեմ չէ», «Իրանում 30 միլիոն ազերիների իրավունքները ոտնահարվում են»:

Առավել ակտիվ է Ահմեդ Օբալին, որին Բաքվում ներկայացնում են որպես «ազգային ակտիվիստ Հարավային Ադրբեջանից»: «Խուդաֆերինի կամուրջը կառուցվել է ոչ թե ժողովրդին բաժանելու, այլ միավորելու համար»,- ասել է Օբալին:

Նա այցելել է պատմական կամուրջ և ասել, թե հայերի կողմից ավերված Արազի այս ափն ազատագրվել է» և ակնարկել, թե մնում է այն ափը: Իրանում, բնականաբար, ուշադիր հետևում են այս հռետորաբանությանը, պարբերաբար զորախաղեր են անցկացնում:

Նախագահ Իլհամ Ալիևը մեկ ամիս առաջ է դրան անդրադարձել, ասելով, թե այստեղ տերն Ադրբեջանն է:

«Մեր բանակը հերոսություն է դրսևորել, եթե պետք լինի, էլի դա ցույց կտանք և կհասնենք մեր ուզածին, դա բոլորը գիտեն, դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի, մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- նոյեմբերի 8-ին ասել է Ալիևը:

Օրերս Բաքվի արտահայտած դժգոհություններին արձագանքել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքաենը:

«Պարոն Ալիևը զարմանում է, թե ինչո՞ւ է Իրանը զորախաղեր անցկացնում: Թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ առաջինը սկսեց այս տարածաշրջանում զորախաղերը: Մի՞թե Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը չէին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված զորախաղեր կազմակերպել Նախիջևանում»,- հարց է տվել դիվանագետը «Պատասխաններ նախագահ Իլհամ Ալիևի հարցերին» վերնագրած հոդվածում, որը հրապարակել է ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Նախկին դեսպանը նշել է, որ Իրանը սատարում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Ադրբեջանը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխություններին և դրանից ելնելով է սատարում Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG