Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը


Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ն: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Վ. Ն.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշելը) 2-րդ մասով, որը բավարարվել է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ գումար:

Կոմիտեն մանրամասնում է՝ մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012-ի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ»-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին:

Ըստ հաղորդագրության, քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2018 և 2016 թվականներին «Սանիթեք»-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևանում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված:, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ:

«Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ»-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3.002.486.270 ՀՀ դրամ», - նշված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG