Մատչելիության հղումներ

Ուկրաինայի տարածքն այսօր դարձյալ զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել Ռուսաստանի կողմից


Հրթիռակոծության հետևանքները Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում։
Հրթիռակոծության հետևանքները Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում։

Երկշաբաթյա դադարից հետո ռուսական կողմն այսօր դարձյալ զանգվածային հրթիռակոծություն է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ Օդում հրթիռների մասին, մասնավորապես, հայտնել են Նիկոլաևի և Օդեսայի շրջանային վարչակազմերի ղեկավարները։ Կիևում մարդիկ պատսպարվում են մետրոյում։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել է, որ Ռուսաստանը հրթիռների առաջին ալիքն է արձակել, սակայն դրանք կարող են մի քանիսը լինել. - «Հրթիռների առաջին ալիքը գնաց։ Դրանք կարող են լինել մի քանիսը: Որպես կանոն, նրանք կարող են օգտագործել մի քանի ալիքներ՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության գործողությունները շփոթեցնելու համար»։

Նախորդ զանգվածային hրթիռակոծությունը նոյեմբերի 23-ին էր, որի հետևանքով վնասվեցին բազմաթիվ ենթակառուցվածքներ և երկրի մեծ մասը մնաց առանց էլեկտրականության։ Այժմ հոսանքը վերականգնվել է, բայց ոչ ամբողջ հզորությամբ ու ձմռան ցրտին միլիոնավոր մարդիկ մնացել են առանց ջեռուցման ու ջրի։

Ռուսական աղբյուրներն իրենց հերթին այսօր հայտնել են խորը թիկունքում գտնվող ռազմական օդանավակայաններում պայթյունների մասին։ Ըստ հաղորդումների, ռուս-ուկրաինական սահմանից բավականին հեռու գտնվող Սարատովի մարզի Էնգելս քաղաքում անհայտ ծագման անօդաչու սարքը հարվածել է տեղի օդանավայանի թռիչքուղուն, երկու մարդ վիրավորվել է, խոցվել է երկու ինքնաթիռ։ Սարատովի մարզի նահանգապետը, սակայն, գրել է, թե «քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել և անհանգստանալու առիթ չկա»։

Պայթյուն է եղել նաև ռազմական գործողություններից մոտ 500 կմ հեռու գտնվող Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում։ Այստեղ վառելիքի ցիստեռն է պայթել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Բարդ իրավիճակ է նաև ճակատում։ Ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործությունները Դոնեցկի մարզում, որտեղ արդեն մի քանի ամիս է, փորձում են գրավել Բախմուտ քաղաքը, որը սակայն դեռ ուկաինացիների վերահսկողության տակ է։ Մյուս ուղղություններում՝ Խերսոնի և Զապորոժիեյի մարզերում ռուսները պաշտպանվում են ուկաինական հակահարաձակումներից։

Չնայած ենթադրվում էր, որ ձմռանը ռազմական գործողությունների ինտենսիվությունը կնվազի, սակայն ռազմական փորձագետների գնահատմամբ՝ ուկրաինական ուժերը ծրագրում են շարունակել հակահարձակումը նախաձեռնությունը ռազմի դաշտում պահպանելու համար։

Ձմռանն Ուկրաինայում ամեն դեպքում շատ բարդ է լինելու է, և երկրի նախագահը համախմբման կոչ է անում. - «Թշնամին ձմռան ցուրտն ու դժվարությունները կդարձնի իր ագրեսիայի մաս։ Ուկրաինացիները պետք է ավելի մեծ համերաշխություն և միասնականություն ցուցաբերեն առաջիկա ամիսներին՝ դրանց դիմակայելու համար»։

Ուկրաինայի հետ համերաշխ է նաև Արևմուտքը, որը չի թուլացնում ճնշումը Ռուսաստանի վրա։ Այսօր ուժի մեջ է մտնում Եվրամիության երկրներ ռուսական նավթի ծովային մատակարարումների էմբարգոն, ինչպես նաև Ռուսաստանից ծովով փոխադրվող նավթի առավելագույն գին է սահմանվում 60 դոլարը։

Ծովով մատակարարվող ռուսական նավթի էմբարգոն Եվրամիությունում համաձայնեցվել էր մայիսի վերջին։ Էմբարգոն չի վերաբերվում խողովակաշարերով մատակարարումներին։ Ամեն դեպքում, սա լուրջ հարված է Ռուսաստանի շահերին, համարում է Global Witness-ի ներկայացուցիչ Լուի Ուիլսոնը. - «Ռուսական նավթի առաքումների 90 տոկոսը ապահովում են եվրոպական ընկերությունները: Այսպիսով, դա հսկայական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում նավթ վաճառելու Ռուսաստանի կարողության վրա»:

Կրեմլի խոսնակը մինչդեռ պնդում է, թե Ռուսաստանից ծովով արտահանվող նավթի առավելագույն գին սահմանելու փորձերը փոխում են իրադրությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, և Մոսկվան մտադիր չէ որևէ առավելագույն գին ընդունել. - «Մենք մեր պատասխան որոշումն ենք պատրաստում եմ։ Ակնահյտ է, որ մենք առավելագույն գնի մասին այս որոշումը չեն ընդունում»։

Պատժամիջոցները շարունակող Արևմուտքը սակայն նաև հայտարարում է, որ մտադիր է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ կրկին ասել է, թե Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար դադարեցումը լրջագույն սխալ կլինի։ Շոլցի խոսքով՝ շատ կարևոր է, որ ինքն և Ֆրանսիայի նախագահը, որպես «Մեծ յոթնյակը» և ՆԱՏՕ-ն ներկայացնող պետությունների ղեկավարներ, շարունակեն խոսել Մոսկվայի հետ։ Կանցլերը միաժամանակ շեշտել է, թե Ռուսաստանը չպետք է թելադրի ապագա խաղաղության պայմանները։

XS
SM
MD
LG