Մատչելիության հղումներ

Հայաստանում սննդամթերքի թանկացումը շարունակում է երկնիշ մնալ. թոշակառուները դժգոհում են


71-ամյա տիկին Նինան ու ամուսինը միասին 70 հազար դրամ թոշակ են ստանում։ Քիչ առաջ տասը հազար դրամի կոմունալներ է մուծել, մի այդքան էլ դեղերին կգնա։ Կմնա 50 հազարը, որով էլ երկու տարեցները պետք է մի ամիս ապրեն։ Ամբողջ տարվա ընթացքում շարունակվող ու դեռևս չնահանջող թանկացումներն առաջին հերթին այսպիսի ընտանիքների ապրուստն են էլ ավելի դժվար դարձել:

«Ձգում եմ, մի օր մի երկու հազար եմ ծախսում, մնացածն էլ թողնում եմ, հաջորդ անգամ նրա տեղը արդեն՝ կարտոշկա, մակարոն, դե ապրի: Էդ ա էլի, էժան առնում ենք կարտոշկա, մակարոն, ձեթ ու վերջ», - ասաց տիկին Նինան:

Ո՞ր ապրանքների թանկացումն են ամենաշատը զգում, համատարած գնաճի ֆոնին տարեց կինը դժվարանում է մի քանիսն առանձնացնել, ասում է՝ ամեն ինչը՝ կոմունալներից մինչև հաց:

Վիճակագրական կոմիտեն այսօր գնաճի վերջին ցուցանիշներ է հրապարակել։ Սննդամթերքի թանկացումը շարունակ է երկնիշ մնալ՝ 11.1 տոկոս նախորդ տարվա համեմատ։ Նոյեմբերի ընթացքում ևս գները բարձրացել են։

Ամենաշատը թանկացած ապրանքների թվում շարունակում են մնալ հացը, միսը, կաթնամթերքն ու ձավարեղենը։

Գնաճի տեմպը թեև մի շարք արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված վերջին ամիսներին նվազել է, այսինքն, թանկացումները ավելի ցածր տոկոսներով են շարունակվում, այդուհանդերձ, տնտեսագետներն ընդգծում են՝ գների նվազում սպասել պետք չէ:

«Արտաքին աշխարհից գնաճային ճնշումները որոշակիորեն մեղմվել են վերջին ամիսներին, միաժամանակ մենք ունենք որոշակի կայունացում՝ մեր փոխարժեքի առումով: Բավականին երկար ժամանակ է, որ 400 դրամի շրջանակներում է մեկ դոլարը գնանշվում հայաստանյան արժութային շուկայում, և սա որոշակի գների վրա նվազման ճնշում է առաջացնում, նախևառաջ, իհարկե, գնաճի տեսակետից է նվազման ճնշում առաջացնում, դեռ վաղ է խոսել գների հետվերադարձի մասին», - ընդգծեց Տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը:

Բացի այս գործոններից շարունակվող գնաճի վրա ազդել են նաև լոգիստիկ խնդիրները, մասնավորապես, Հայաստանն իր գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանին կապող Վերին Լարսի խցանումները։ Այս պատճառով բազմաթիվ ապրանքների ինքնարժեքն է ավելացել։ Բեռնափոխադրողներն անցնող շաբաթներին ահազանգում էին՝ շուտ փչացող սնունդը տեղափոխել չեն կարողանում, փոխադրումների գները դրա հետևանքով բարձրացել են:

«Սա ևս մեկ կոմպոնենտ է, որը ինքնարժեքի վրա դեպի վեր ազդեցություն է ունեցել, և սա թույլ չի տա նախկին գներին վերադառնալ», - ասաց Կարապետյանը:

Գործադիրն այս սեպտեմբերից 3000 դրամով բարձրացրեց կենսաթոշակները, ինչը, սակայն գնաճի բեռը չչեզոքացրեց։ Հունվարի 1-ից ավելանալու է նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից դառնալով 75 հազար։ Միջին կենսաթոշակի 3000 դրամի ավելացում է սպասվում նաև հաջորդ ամառ։

Պաշտոնական կանխատեսումներով Հայաստանի տարին կփակի մոտ տասը տոկոս գնաճով։ Պաշտոնյաները պնդում են՝ եթե դրամը դոլարի համեմատ այսչափ թանկացած չլիներ, էլ ավելի մեծ գնաճ կարձանագրվեր։

XS
SM
MD
LG