Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները


Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները: Այս պայմանավորվածությունն այսօր ձեռք են բերել երկրների արտգործնախարարները հանդիպման ժամանակ:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն Լեհաստանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպմանը մտադրություն են հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ «հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա», հայտնում է Արտգործնախարարությունը։

Ըստ հաղորդման՝ Երևանն ու Բուդապեշտը ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։

Ավելի վաղ «Ազատությունը», հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր սպասվող հանդիպման մասին: «Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասել էր «Ազատության» դիվանագիտական աղբյուրը։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG