Մատչելիության հղումներ

Ըստ Մինասյանի՝ տակտիկական հակասության պատճառով են պատգամավորները հեռանում «Հայաստան» խմբակցությունից


Թեև «Հայաստան» խմբակցության երկու ուժերից մեկը՝ «Վերածնվող Հայաստան»-ը լքեց դաշինքը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակում է պնդել, թե չեն պառակտվել։

«Պառակտում բառը բացարձակ տեղին չի, պառակտում կարող էր լինել այն ժամանակ, երբ որ օրինակ՝ խմբակցության անդամները դուրս գային խմբակցությունից՝ պահպանելով մանդատները», - նշեց Մինասյանը:

Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստանը» նույնիսկ հայտարարությամբ է զգուշացրել կուսակիցներին, եթե ընտրական ցուցակից իրենց հերթը հասնի ու որոշեն «Հայաստան» խմբակցության մանդատը վերցնել, ստիպված են լքել կուսակցության շարքերը։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ այս բաժանումը ընդամենը տակտիկական հակասության պատճառով է։ Իրենք ուզում են Ազգային ժողովում աշխատել, պայքարել մանդատները վայր դրած պատգամավորները՝ ոչ։

«Մեր գործընկերները համարում են, որ այդ պայքարի շրջանակներում այդքան էլ արդյունավետ չէ մանդատից տրված լիազորությունների իրացումը այսպիսի մեծամասնության պայմաններում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արդեն չորս պատգամավորներ հայտարարել են մանդատները վայր դնելու մասին: Հոսքը դադարեց այսքանով, թե՞ էլի կլինեն հեռացողներ, Արծվիկ Մինասյանը դժվարանում է հստակ պատասխանել. - «Չի բացառվում, որ վաղը կարող է ես էլ նման բան մտածեմ»:

Ի՞նչ է կատարվում մեծությամբ երկրորդ խմբակցությունում, ինչ անհաղթահարելի հակասություններ ու խմորումներ են։ Հնարավո՞ր է Հայաստանի ու Արցախի փրկության օրակարգով ընդամենը մեկ տարի առաջ համախմբված մարդիկ հիասթափվեցին, որ իրենց ակնկալած իշխանափոխությունը չեղավ, հարցրինք դաշնակցական պատգամավորին։

«Իհարկե, բոլորս էլ ուզում էինք, որ շուտ տեղի ունենար այն, ինչ ակնկալում էինք, որ իշխանությունը փոխվեր ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն, որ կարողանար այդ կառավարությունը մեզ ավելի շուտ էս վիճակից դուրս բերե, նկատի ունեմ երկիրը ու ժողովրդին, բայց հիմա իրավիճակն այսպիսին է», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը:

«Վերածնվող Հայաստանը» ձևավորվեց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այս կուսակցությունում միավորվեցին հիմնականում Սյունիքի համայնքապետերը, որ պատերազմից հետո պայքարում էին Փաշինյանի իշխանության դեմ։ Դաշնակցության ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ դաշինք ձևավորեցին ու խորհրդարան հասան։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

«Էդ տարածքային սկզբունքով նախկին մարզպետը, նախկին համայնքապետերին համախմբեց, հռչակեց, որ ինքը կուսակցություն է և հիմա էլ փլուզվում է այդ դաշինքը», - ասաց իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է «Հայաստան» խմբակցությունում, քաղաքական գործընթաց չէ, ավելի շատ անձնական դրդապատճառների հետևանք է, կարծում է իշխանական պատգամավորը։

«Կարծում եմ՝ իրեն ձայն տվողները համոզվեցին, որ դա ոչ թե դաշինք էր, ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ինչ-որ մի խմբավորում, որի նպատակն է Քոչարյանին վերադարձնել իշխանության», - նշեց Խաչատրյանը:

Խորհրդարանական այս խմբակցության ճակատագիրը միայն փլուզման ու պառակտման տեսնակյունից չէ, որ քննարկվում է։ Ըստ մամուլի՝ հնարավոր է հաջորդ շաբաթվա հերթական նիստին գլխավոր դատախազը Ազգային ժողով գնա խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ուղիղ այդպիսի տեղեկություն չունեն իրավապահներից։ Դատախազությունն էլ վստահեցնում է, թե դեռ նման միջնորդություն չկա։

«Մեր խմբակցության երևի 60-70 տոկոսի մասով ապօրինի գործեր կան հարուցված կամ առնվազն որպես վկայի կարգավիճակով հարցաքննված են այն բանով, որ վկա-կասկածյալ է, սահմանագծի վրա են», - նշեց Արծվիկ Մինասյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անցնում է «Ձորահէկի» քրեական գործով։ Օհանյանը մեղադրվում է ժամանակին նախարարության հաշվեկշռում եղած ՀԷԿ-ը իրական արժեքից զգալի էժան օտարելու համար։ Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը պնդում է, որ այս գործով իրավական հիմք չկա Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս գործը վաղեմության ժամկետ ունի։

«Վաղեմության ժամկետն անցած չեն կարող, օրինակ, կալանք կիրառեն: Ես ընդհանրապես եմ ասում նաև: Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, ինչ գործ նկատի ունեն, բայց ամեն դեպքում, պարոն Օհանյանի նկատմամբ այնպիսի խափանման միջոց կիրառելու, որի համար անհրաժեշտ է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել, հիմք չկա», - ասաց փաստաբանը:

Իսկ հնարավո՞ր է այլ քրեական գործ կա հարուցված, որով հիմք կլինի։ Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, թե որևէ այլ գործի մասին տեղեկություն չունի, որ իրեն մեղադրանք կարող են առաջադրել։ Դատախազությունն էլ չի մանրամասնում։

XS
SM
MD
LG