Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պատրաստվում է նոր զանգվածային հրթիռակոծության. Զելենսկի


Ռուսական կողմը պատրաստվում է նոր զանգվածային հրթիռակոծության, իր վերջին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Քանի դեռ նրանք հրթիռներ ունեն, նրանք չեն հանդարտվի: Մենք անում ենք և կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ՝ այս ահաբեկչական պատերազմի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։ Միասին մենք ամեն ինչի միջով կանցնենք», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ավելի վաղ ուկրաինական հետախուզությունը կանխատեսել էր, որ ենթակառուցվածքների վրա նոր զանգվածային հրթիռային հարձակում նախապատրաստելու համար ռուսներից մոտ տասն օր կպահանջվի: Նախորդը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, որի հետևանքով ուկրաինական բազմաթիվ բնակավայրեր ցրտին մնացել են առանց հոսանքի, ջեռուցման ու ջրի։

Կիևի իշխանությունները հայտարարում են, որ վաղվանից մայրաքաղաքում էլեկտրամատակարարումը մասամբ կվերականգնվի ու քաղաքը կվերադառնա արդեն սովորական դարձած հովհարային անջատումների ռեժիմին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն միաժամանակ չի բացառել, որ էներգետիկ օբյեկտների վրա նոր զանգվածային հարձակման դեպքում բնակչության մի մասը ստիպված կլինի հեռանալ Կիևից։

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում 4.8 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել, գրեթե 8 միլիոնն էլ փախստականի կարգավիճակ է ստացել Եվրամիության երկրներում։ Հաշվի առնելով այս զարգացումները՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հորդորել է Արևմուտքին վերացնել Ուկրաինային արդիական զենքի մատակարարման արգելքը:

«Անպատժելիությունը կամայականություն է ծնում. ագրեսորը պետք է զգա յուրաքանչյուր հաջորդ քայլի գինը», - Twitter-ում գրել է Միխայիլ Պոդոլյակը։

Արևմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային

Ու քանի դեռ ռազմական գործողությունները, բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծությունները շարունակվում են, Արևմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշա Սունակը, մասնավորապես, պատրաստվում է հայտարարել, որ Լոնդոնը կարող է հաջորդ տարի մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

«Մի կասկածեք. մենք կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է: Հաջորդ տարի մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունը։ Եվ մենք կօգնենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը՝ պաշտպանելու ուկրաինացի ժողովրդին և կարևորագույն ենթակառուցվածքները», - վարչապետի այսօրվա ելույթի տեքստից մեջբերում է արել Guardiaն-ը։

Ուկրաինային օգնելու հարցն այսօր մայրաքաղաք Կիևում քննարկում են նաև Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների յոթ արտգործնախարարներ։

Մինչ այդ կողմերի միջև հնարավոր բանակցությունները չեն ուրվագծվում ու պատերազմի վերջը չի երևում։ Վերջին օրերին ուժգին գնդակոծության տակ է նաև շաբաթներ առաջ ազատագրված Խերսոն քաղաքը, որի բնակիչներին իշխանությունները տարհանում են ավելի անվտանգ վայրեր։

Կամավոր Վիկտոր Միրոնովն ասում է, թե փորձում են հնարավորինս շատ մարդկանց հանել քաղաքից. - «Խերսոնը կարող է դառնալ երկրորդ Մարիուպոլը: Այժմ մենք պետք է հնարավորինս շատ մարդկանց դուրս բերել: Չկա էլեկտրականություն, ջուր և սնունդ, անհրաժեշտ է օգնություն: Հիվանդանոցները օգնության կարիք ունեն, դեղորայք է պետք: Մեր ժողովուրդը պետք է ունենա տաք կացարան և ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պարագաներով»:

Ուկրաինայի Գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական բանակը ստիպված է պաշտպանվել երկրի հարավում՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։ Միաժամանակ ռուսները փորձում են զանգվածային հարձակումներ իրականացնել արևելքում՝ Լիմանի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ։

Ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները կանխատեսել էին, որ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ կդառնան առաջիկա շաբաթներին, երբ ցեխոտ աշնանային ճանապարհները կսառցակալեն ու անցանելի կդառնան ռազմական տեխնիկայի համար։

XS
SM
MD
LG