Մատչելիության հղումներ

Հայաստանում շրջանառվում են կեղծ դեղեր, այդ թվում՝ հակաքաղցկեղային


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում շրջանառվում են կեղծ դեղեր, այդ թվում՝ քաղցկեղի քիմիաթերապիայի դեղեր, ահազանգում են հասարակական կազմակերպություններն ու մասնագետները։

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն ու տեսչական մարմինը նույնպես հայտարարություն են տարածել, հորդորելով բնակչությանը՝ զգոն լինել։

Ահազանգից հետո Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովը ոլորտի ներկայացուցիչներին նաև այս թեմայով փակ քննարկման էր հրավիրել։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ձեռքին եղած փաստաթղթերով՝ բժիշկներից մեկը կասկածել է, որ հիվանդի գնած դեղը կեղծ է, դիմել են արտադրող ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին, հետո՝ ուղարկել դա Շվեյցարիա: «Ուղարկել են մայր գործարան և այնտեղից եկել է պատասխան, որ այս սրվակի մեջ ամենևին այլ նյութ է՝ էլի հակաքաղցկեղային, բայց՝ շատ-շատ անգամներ ավելի էժան: Այսինքն՝ անձը, վստահ լինելով, որ ինքը մի քիչ ավելի էժան նույն դեղորայքը որակյալ ձեռք է բերել և իր հիվանդի կյանքը պետք է փրկի, պարզվում է՝ ընդհուպ մինչև կարող է հակառակ էֆեկտը տալ, հիվանդությունը ավելի պրոգրեսիայի ենթարկել և ընդհուպ մինչև մահվան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

ԱԺ հանձնաժողովի նախագահի ներկայացրած փաստերը դեղարտադրող ընկերությունը պետք է պաշտոնապե՛ս ուղարկի Առողջապահության նախարարություն, որ գերատեսչությունը կարողանա դրան ընթացք տալ, գուցե նաև՝ իրավական. սա նախարարության դիրքորոշումն է։ Իսկ մինչև այդ, ԱԺ փակ քննարկմանը ներկա, տարիների փորձ ունեցող քիմիաթերապևտները փաստում են՝ քաղցկեղի բուժման դեղերը թանկարժեք են՝ կարող են հարյուր հազարներից մինչև միլիոնավոր դրամների հասնել, մարդիկ ստիպված են դրանց էժան տարբերակը գնում կասկածելի դեղատներից։ Բժիշկներն ասում են՝ եթե անգամ կասկածում են, որ հիվանդի գնած դեղը կեղծ է, չեն կարող այդ մեկ սրվակն ուղարկել պաշտոնական փորձաքննության։

Քիմիաթերապևտ Լևոն Բադալյանը պատմեց՝ թոքի քաղցկեղ ունեցող իր պացիենտներից մեկը մեկ միլիոն դրամ արժեցող դեղը ձեռք էր բերել կես գնով, ինքը այն չի ներարկել՝ կասկածել է, թե դա օրիգինալն է. - «Էդ դեղի ֆլակոնի աչքով զննելը, որոշակի նշաններ կան՝ թափահարում ես, գույնն ես նայում, փրփուր առաջանալու-չառաջանալու, որոշակի կրիտերիաներ կան, որ մեր մոտ նախ կասկած առաջացրեց, հետո որ է՛լ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք, հասկացանք, որ այդ դեղը անհայտ կեղծ է, այսինքն՝ այդ ֆլակոնի մեջ եղել է ջուր: Ցավոք, փորձագիտական կենտրոնը պատասխանեց, որ այդ դեղը և այդ մեկ ֆլակոնը ստուգել չի կարող, որովհետև նմանատիպ դեղերի ստուգման հատուկ տեխնոլոգիաներ են պետք, մեծ քանակ է պետք: Եվ մենք ոչ մի կերպ չկարողացանք ապացուցեինք, որ այդ դեղը կեղծ է»:

«Մեր համոզմունքով՝ դա կեղծ է, բայց ես չունեմ ոչ մի գրավոր ապացույց, որ դա կեղծ է, որովհետև այդ գրավոր ապացույցը իրավունք ունի տալ միայն այդ փորձագիտական կենտրոնը, որը, գուցե հարգելի պատճառներով, բայց չի կարողանում այդ հետազոտությունը կատարի և այդ հաստատումը տա», - հավելեց Բադալյանը:

«Բժիշկը չի կարող անզեն աչքով որոշել, թե դեղի սրվակում ինչ նյութ է», - ասում է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանն ու հաստատում, որ Դեղերի փորձագիտական կենտրոնն առայժմ տեխնիկապես պատրաստ չէ որոշ դեղեր ստուգել։

«Ներկայումս Դեղերի փորձագիտական կենտրոնը հնարավորություն չունի անելու միայն պատվաստանյութերը և իմունաբանական դեղերը, մնացած բոլոր դեղերը մենք կարողանում ենք անել լաբորատոր փորձաքննություն: Կլինիկական ոչ մի լաբորատորիա իրավասու չէ ամբողջ աշխարհում իրականացնել դեղերի փորձաքննություն, որովհետև դեղերի փորձաքննությունը սովորական գործընթաց չէ՝ բժիշկը հիվանդին պիտի բուժի, դեղերի ոլորտի մասնագետը լաբորատորիայում պետք է դեղը հետազոտի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

ԱԺ առողջապահության հանձաժողովի նախագահ Նարեկ Զեյլանյանը նախարարությունից գրավոր պատասխան է ստացել, որ գերատեսչությունն այս տարի միայն երկու կեղծ դեղ է հայտնաբերել, որոնք հենց հակաուռուցքային պրեպարատներ էին։ Նախարարության պաշտոնյան ասում է՝ իրենք ոլորտի քաղաքականությունն են միայն մշակում, դեղերի ստուգմամբ, կեղծ ու անօրինական դեղերի հայտնաբերմամբ զբաղվում են տեսչական մարմինն ու այլ կառույցներ։ Տեսչական մարմինն էլ դեռ միայն զգուշացնող հայտարարություն է տարածել։

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց աջակցություն տրամադրող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանն ասում է՝ եթե պացիենտը գումար չունի, միևնույն է, գտնելու է դեղի ավելի էժան տարբերակը, իսկ դրանք կարող են նաև կեղծ լինել։ Ըստ նրա՝ հիվանդները կամ նրանց հարազատները հիմնականում հրաժարվում են ասել, թե որտեղից են դրանք գնում, իրենց շահառուներն էլ են լռում. - «Պացիենտը երբեք մեզ չի ասում, որ էժան են գնելու, պացիենտները է՛դ մասով չեն խոսի երբեք, և շատ դժվար է իրենցից ինֆորմացիա քաղելը, թե որ դեղատնից գնեցին, նույնիսկ, ասենք, փորձել գտնել ինչ-որ նշաններ, կոնկրետ գոնե տուփը՝ դա էլ գրեթե հնարավոր չի լինում»:

Անանուն մնալու պայմանով, քաղցկեղ ունեցող մի քանի քաղաքացիներ «Ազատությանն» ասացին՝ լռում են, որովհետև հաճախ հենց բժիշկներն էլ իրենց ուղղորդում են այդ դեղատներ, լռում են նաև այն պատճառով, որ ժամանակ ու սիրտ չունեն, իրենց ցավն ու հոգսը թողած, իրավապահներին բացատրություններ տալու։ Նրանցից մեկն «Ազատությանն» ասաց. - «Եթե գումար չունեմ, բնականաբար՝ էժանն եմ գնելու, բայց դա հո չի՞ նշանակում, որ բոլոր էժանները կեղծ են»։

Օրենքը թույլ է տալիս, որ քաղաքացիներն իրենց օգտագործման համար կենսական անհրաժեշտության որոշ դեղեր արտերկրից Հայաստան բերեն՝ պայուսակով, ճամպրուկով, և այլն։ Նարեկ Զեյնալյանն ասում է՝ սա կարևոր քայլ է, բայց նաև ռիսկեր է պարունակում, նաև այսպես կարող են կեղծ դեղերը երկիր մտնել։ Խորհրդարանական հանձնաժողովը շուտով շրջանառության մեջ կդնի օրենսդրական փոփոխության առաջարկը, ըստ որի՝ նախատեսվում է տեսչական մարմիններին հավելյալ հնարավորություններ տալ անբարեխիղճ վաճառողներին հայտնաբերելու համար։ Իսկ «Դեղերի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով էլ առաջարկում են որոշ դեղեր, այդ թվում՝ քաղցկեղի բուժման համար պահանջվողները, նախ՝ գրանցել, հետո՝ ազատել դրանք ավելացված արժեքի 20 տոկոս հարկից և գնի վերին շեմ սահմանել, որ դրանից թանկ ոչ ոք այլևս չվաճառի։

«Այս դեպքում, եթե մենք գները իջեցրեցինք, պլյուս զուգահեռ՝ ներմուծումը թույլատրեցինք միայն իրավատիրոջ թույլտվություն ունեցող կազմակերպությունից, մենք կունենանք կանոնակարգված շուկա, կսկսեն գրանցել, գրանցված դեղերի քանակը կավելանա, դեղերի գները կիջնեն՝ առնվազն այն դեղերի, որոնք շատ են օգտագործվում և խիստ անհրաժեշտ են, և ինքնըստինքյան ֆինանսապես ձեռք չի տա դրսից անօրինական, կեղծ և անորակ դեղեր ներկրել», - ընդգծեց Զեյնալյանը:

Մինչ օրենդրական նախաձեռնությունը կընդունվի, Դեղերի փորձագիտական կենտրոնը կվերազինվի, տեսչական մարմինը կսպասի ստուգումների համար իրեն տրվող լրացուցիչ հնարավորություններին, գումար չունեցող, բայց քաղցկեղ ունեցող մարդիկ շարունակում են էժան ու կասկածելի դեղեր գնել: Սա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG