Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա «Կիևին արևմտյան զենքի մատակարարմանն ի պատասխան»


Ուկրաինա - Հոսանքազրկված Կիևը, 24-ը նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով հզոր պայթյունների հերթական շարքն է տեղի ունեցել։ Մի քանի շրջաններ միանգամից զրկվել են հոսանքից և ջրից:

Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ սպառողների ճնշող մեծամասնությունն ամբողջ երկրում մնացել է առանց էլեկտրականության:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային ուղերձում նշել է, որ հրթիռային հարվածներից հետո ամենաբարդ իրավիճակը Կիևում է։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքի թաղամասերի 70 տոկոսը դեռ հոսանքազրկված է, աջափնյա շրջաններում դեռևս հնարավոր չի եղել վերականգնել ջրամատակարարումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս կապակցությամբ շտապ հանդիպում է անցկացնում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վրա՝ ի պատասխան Կիևին արևմտյան զենք մատակարարելուն։

Նրա խոսքով, ուկրաինական բանակի մարտունակության խաթարումը «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակներից մեկն է. - «Եվ այն կիրականացվի ռազմական ճանապարհով, քանի դեռ Կիևի ռեժիմը չի ընդունել իրատեսական դիրքորոշում, որը թույլ կտա բանակցությունների շրջանակում քննարկել և փորձել լուծել այն խնդիրները, որոնք մեզ ստիպել են սկսել հատուկ ռազմական օպերացիան»։

Նեբենզյան նաև ասել է, որ «բնակելի շենքերին հասցված վնասը և քաղաքացիական զոհերը պայմանավորված են ուկրաինական հակաօդային պաշտպանության մեղքով, որը գտնվում է ոչ թե քաղաքների ծայրամասերում, այլ հենց դրանց կենտրոնում»։ «Արդյունքում հրթիռների բեկորները կամ ուղին կորցրած ուկրաինական հրթիռներն են հարվածում այնպիսի օբյեկտների, որոնց Ռուսաստանը նույնիսկ չի թիրախավորել», - պնդել է ռուս դեսպանը։

XS
SM
MD
LG