Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անհամաձայնություն են հայտնել Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ նիստին արգելելու կապակցությամբ


ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը, Երևան, 23 նոյեմբերի, 2022թ.

ՀԱՊԿ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 23-ին Երևանում ընդունել են հայտարարություն, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի աշխատանքին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովի ղեկավարած պատվիրակության մասնակցությունն արգելելու Վարշավայի որոշման կապակցությամբ:

Այդ մասին ՀԱՊԿ-ի ԱԳ և ՊՆ նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստից հետո հայտնել է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Բոլորդ գիտեք ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի 29-րդ նիստին Ռուսաստանի Դաշնության մասնակցությունն արգելելու գործող նախագահ Լեհաստանի արտգործնախարարի վերջերս ընդունած աննախադեպ որոշման մասին: Մենք մեր հայտարարությամբ անհամաձայնություն ենք հայտնում այդ որոշման վերաբերյալ»,- ասել է Զասը:

Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրները նույնպես հրավիրված չեն, և այդ որոշումն «ավելի մեծ վնաս է հասցնում ոչ այնքան ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին կամ այլ պետություններին, որքան հենց ԵԱՀԿ-ին»:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն, որում նախագահում է Լեհաստանը, հաղորդել է, որ Լոձում դեկտեմբերի 1-ից 2-ը կայանալիք Նախարարների խորհրդին մասնակցելու հրավեր է ուղարկել ռուսական կողմին, սակայն դրանից հետո հաղորդվել է, որ լեհերն արգելել են Լավրովի ղեկավարած պատվիրակության մուտքը:

Ռուսաստանը «սադրիչ, աննախադեպ և նախագահող երկրի կարգավիճակին հակասող» է անվանել լեհերի որոշումը:

Մոսկվայում որոշել են, որ Ռուսաստանի պատվիրակությունը կգխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG