Մատչելիության հղումներ

Ուկրաինացի իրավապահները Կիև-Պեչորյան մայրավանքում միլիոնավոր գումարներ և ռուսամետ գրականություն են հայտնաբերել


Խուզարկություն Կիև-Պեչորյան մայրավանքում, Կիև, 22 նոյեմբերի, 2022թ.
Խուզարկություն Կիև-Պեչորյան մայրավանքում, Կիև, 22 նոյեմբերի, 2022թ.

Կիև-Պեչորյան մայրավանքում խուզարկություն իրականացնելու մասին լուրը մեծ աղմուկ է առաջացրել ուղղափառ աշխարհում ու հատկապես Ռուսաստանում:

Այդ ուղղափառ եկեղեցին համարվում է Ուկրաինայի կրոնական և մշակութային ամենակարևոր արժեքներից ու կենտրոններից մեկը: 1990 թվականին այն ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Համաշխարհային ժառանգություն»:

1051 թվականին հիմնադրված մայրավանքը Մոսկվայի Պատրիարքարանի հովանու ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Պավելի նստավայրն է:

Ուկրաինայի իրավապահների փոխանցմամբ, խուզարկության նպատակն էր «կասեցնել ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունները և «ռուսաց աշխարհի» գաղափարախոսության տարածումը»:

Ռուսաստանում զայրույթով են արձագանքել լուրին, ասելով, որ «ուկրաինական կողմը հերթական հակառուսական սադրանքն է կազմակերպել»:

Մինչդեռ, երեկ ուկրաինացիները հայտնել են, որ հետաքննության ընթացքում մայրավանքի համալիրի տարածքում հայտնաբերել են «ռուսամետ գրականություն և միլիոնավոր գումարներ կանխիկ դրամով»:

Իրավապահները հրապարակել են ցանկը՝ «ավելի քան 2 միլիոն հրիվնա (Ուկրաինայի ազգային տարադրամը), 100 հազար ԱՄՆ դոլար և մի քանի հազար ռուսական ռուբլի»:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություններ է անցկացրել նաև Ռովնոյի շրջանում Մոսկվային ենթարկվող երկու ուղղափառ եկեղեցիներում և Սարնիի թեմի եկեղեցում:

Ուկրաինացի իրավապահները ենթադրում են, որ ռուսական հատուկ ծառայությունները Մոսկվային ենթարկվող Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիներն օգտագործում են որպես հավաքատեղիներ և հակաուկրաինական գրականություն ու գաղափարախոսություն տարածելու կենտրոններ:

Երեկ Ուկրաինայի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ռուսաց Ուղղափառ եկեղեցու և դրան ենթարկվող կամ առնչություն ունեցող բոլոր հիմնարկների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունն Ուկրաինայի տարածքում արգելելու օրինագիծը:

Պատգամավոր Իրինա Ֆրիզի փոխանցմամբ, օրինագիծը կազմել է «Եվրոպական համերաշխություն» խորհրդարանական խմբակցությունը:

«Այդ եկեղեցին չափազանց երկար ժամանակ է բացահայտ հակաուկրաինական և դիվերսիոն գործունեություն վարում և միանշանակ արդարացնում է Ռուսաստանի հանցավոր ռեժիմի բոլոր քայլերը»,- հայտարարել է Ֆրիզը:

Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ, երկրում միակ ուղղափառ եկեղեցին պետք է լինի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին, որի անկախությունը ճանաչել և 2019 թվականին իր օրհնությունն է տվել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը:

XS
SM
MD
LG