Մատչելիության հղումներ

Իր աշխատանքն է սկսել «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր առավոտյան մեկնարկեց «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպել են ԳԱԱ Գրականության ինստիտուտը, Արվեստի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Գիտաժողովը հոբելյանական է՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին, որը լրացավ այս տարվա մարտի 13-ին։

Չափազանց ուշագրավ և ընդգրկուն են եռօրյա գիտաժողովի 45 զեկուցումները, որոնք կներկայացնեն թե' մեր անվանի գրականագետները, չարենցագետները, թե' երիտասարդ գիտնականները։

Գիտաժողովի բանախոսներից Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Այստեղ այնպիսի թեմաներ են, որոնք վստահաբար պետք է նախանշեց չարենցագիտության զարգացումը հաջորդ քսանհինգ տարիների համար, մինչև Չարենցի ծննդյան 150-ամյակը ընկած շրջանի։ Եվ սա ինչ-որ տեղ յուրօրինակ հանրագումարն է, մի կողմից, անցած աշխատանքի, մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, նախանշում է հետագա աշխատանքները։ Չարենցի մեծագույն պարադոքսներից մեկը այն է, որ նրա բոլոր ստեղծագործությունները դիմանում են ժամանակի քննությանը»։

Գիտաժողովի մեկ այլ բանախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը նշեց. - «Չարենցը այն վիթխարի, մեծ, հսկայական դեմքն էր, որի արժեքը մենք դեռևս չգիտենք։ Չարենցը 20-րդ դարի համաշխարհային մշակույթը, գրականությունը ձևավորած անձերի կողքին է։ Գողգոթայի միջոց Քրիստոսը ո՞նց էր անցում, խաչելության ճանապարհ էր գնում, չէ՞, էդպես էլ հանճարի ճանապարհն է։ Չարենցը գնաց դեպի իր խաչը, 37 թվականին խաչեցին, սպանեցին, բանտում մահացավ... պատմությունը կրկնվում է։ Հանճարների օրինակը այլ է, սովորականներինը՝ այլ։ Դրա համար մեծերին պետք է մեծավարի կարողանանք նայել։ Ես հանդես եմ գալու «Չարենցի պատմականությունը» թեմայով զեկուցմամբ, որի մեջ փորձում են ցույց տալ Չարենցի պատմական վիթխարի նշանակությունը իր ժամանակի հայ գրականության մեջ և իրենից հետո բացվող գրական ճանապարհների համար։ Բառացիորեն վաղը կամ մյուս օրը լույս կտեսնի իմ տարիների չարչարանքի արդյունքը հանդիսացող «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» մենագրությունը, 804 էջ, որը առաջին գիտական կենսագրությունն է»։

Հավելենք, որ ԳԱԱ գրականության ինստիտուտը Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ նախաձեռնել է նաև Չարենցի երկերի ակադեմիական ամբողջական հրատարակությունը 13 հատորով, որի առաջին հատորը լույս կտեսնի արդեն հաջորդ տարվա գարնանը։

Ինչպես նշում է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, չարենցյան հոբելյանական այս տարում հոբելյանական բազմաթիվ իրադարձությունների շարքում այս գիտաժողովն իր կարևորագույն տեղն ունի Չարենցյի գրական ժառանգության վերարժեվորման տեսանկյունից. - «Տարվա ընթացքում շատ տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին թիրախային տարբեր լսարանների համար, բայց այս հոբելյանական տարվա առանցքային նշանակություն ունեցող միջոցառումներից մեկը հենց «Չարենցը և իր ժամանակաշրջանը» եռօրյա գիտական նստաշրջանն է։ Առհասարակ, այս տարի թանգարանը հենց այս ամիսը, նոյեմբերը հայտարարել է հիշատակի ամիս, քանի որ ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգահեռ նաև նոյեմբերի լրանում է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը, և դրա շրջանակում, կարծում եմ, այս գիտաժողովը իր մեծ ներդրումը կունենա։ Նաև հենց գիտական տեսանկյունից շատ կարևոր է Չարենցի ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունը՝ Երկերի լիակատար ժողովածուն, որի առաջին հատորի մեկնարկը, կազմման աշխատանքները արդեն տրվել են, և արդեն 125-ամյակի ավարտին՝ 126-ին առաջին հատորը կլինի գիտական համայնքի սեղանին։ Հիշատակի ամիսը առհասարակ կամփոփվի հուշատախտակի բացմամբ, որը նախատեսվում է Մաշտոցի 17 հասցեում գնտվող շենքի առաջնապատին, այն շենքի, որտեղ Չարենցը ապրել է իր կյանքի վերջին երկու տարին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG