Մատչելիության հղումներ

Ծե՞ծ, թե՞ զսպում հոգեբուժարանում. կողմերը պատմում են բոլորովին տարբեր պատմություններ


Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շենքը

49-ամյա տղամարդուն հոգեբուժարանում դաժանորեն ծեծե՞լ են, թե՞ ընդամենը զսպել, որ նա ճաշի գդալով սանիտարին չվնասի... Կողմերը պատմում են բոլորովին տարբեր պատմություններ։

«Իմ պաշտպանյալը նշում է, որ աչքերից կայծեր թռան», - ասում է փաստաբան Արմինե Դավթյանը։ Նա է հոգեբուժարանում բուժում ստացող տղամարդու պաշտպանը, և պնդում է, որ 11 օր առաջ հիվանդապահներից մեկը՝ նախկին ոստիկան, որ վատ հարաբերություններ է ունեցել իր պաշտպանյալի հետ, առավոտյան սպառնացել է, երեկոյան բռնության ենթարկել նրան. - «Ահավոր վատ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում և հարվածների ընթացքում էլ չէր դադարեցնում այդ հայհոյանքները, ոտքով ու ձեռքերով հարվածում էր մարմնի տարբեր մասերին՝ որովայնին, ոտքի հատվածում, երիկամներին»։

Ըստ փաստաբանի, հիվանդասենյակում կոնֆլիկտ է ծագել այլ բուժվողների միջև, իր պաշտպանյալը քնած է եղել, արթնացել է, միջամտել, ինչից հետո հիվանդապահն է եկել ու բռնություն գործադրել։

«Ինքը սխալ ա ասում, սուտ ա խոսում, ինքը սուտասան կին ա, ինքը ամեն ինչ ասում ա սուտ», - հայտարարում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյան​ը։

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը նախ շեշտում է՝ այդ հիվանդապահը 20 տարի առաջ է ոստիկան եղել Ռուսաստանում, հետո բարձրագույն կրթություն է ստացել այստեղ և ընդունվել հոգեբուժարան գործի։

Սերգեյ Խաչատրյանը նույն օրվա նույն հիվանդի օրը ներկայացնում է այս կերպ. - «Նոյեմբերի 10-ին առավոտյան կոնկրետ էդ պացիենտի մոտ հայտնաբերել են գդալ»։

Գդալն առավոտյան վերցրել են, բայց երեկոյան կոնֆլիկտի ժամանակ պարզվել է նորից գդալ կա. - «Էդ գթալը հանել ա, և դա տեսել են բոլորը։ Դա տեսել են և' հիվանդապահը, և' քույրը։ Էդ գդալով սպառնացել ա և ասել ա, որ հիմա կմտնցնեմ փորդ»։

Հիվանդապահ, ըստ տնօրենի, գդալով տղամարդուն վնասազերծել է՝ իր և այլոց կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով. - «Միգուցե իրան հրել են, բայց դա տեղի ա ունեցել հենց տեղաշորի տարածքում։ Ինքը տեղաշորի վրա նստած ժամանակ ոտքով հարվածել ա մեր հիվանդապահին, որի արդյունքում կոտրվել ա հիվանդապահի ձեռքը»։

«Թող բոլոր սպառնալիքները լինեն գդալով», - հակադարձում է փաստաբան Արմինե Դավթյանը։

Նա գդալով սպառնալու դրվագը ծիծաղելի է համարում, նաև շեշտում է, որ իր պաշտպանյալը դեղերի տակ է ապրում, թույլ անօգնական վիճակում է, ինչպե՞ս կարող էր ամրակազմ սանիտարի ձեռքը կոտրել։

Հոգեբուժարանից տղամարդուն համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության են տարել, գրված է՝ թարմ տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։

Ոստիկանություն հաղորդում են ներկայացրել թե' հոգեբուժարանը, թե' հիվանդի փաստաբանը։ Քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ներգործության հոդվածով։

Փաստաբանը դժգոհ է քննչական գործողությունների ընթացքից, գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել։ Դավթյանը պնդում է՝ անտարբեր են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։

«Մենք իրան ճանաչում ենք, տեսանյութը ունենք, որևէ վնասվածք էստեղ չի եղել», - ասում է ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ ​Լաուրա Գասպարյան​ը։

Նա պնդում է՝ հոգեբուժարանում բռնության ենթարկված տղամարդուն չեն այցելել, բայց ունեն լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ չի երևում, որ նա վնասվածքներ ունի. - «Մենք տեղեկացված ենք, այո, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել, այո, զսպելու համար, որովհետև վիճաբանություն է եղել»։

Լաուրա Գասպարյանն ասում է, որ մի քանի տարի առաջ հոգեբուժական օգնության ու սպասարկման մասին օրենքը փոխվեց ու այդտեղ ներառվեց նաև ֆիզիկական ուժի կիրառումը, որպես զսպման միջոց։ Այսինքն՝ եթե հիվանդը կտրուկ ագրեսիվանում է, կարելի է նրա նկատմամբ ուժ կիրառել, բայց «պետք է լինի չնվաստացնող և մինիմում վնաս հասցնելով»։

Ըստ Գասպարյանի, խնդիր է այն, որ ուժի կիրառումն օրենքում ներառվել է, բայց դրա ընթացակարգը չկա, անձնակազմն էլ վերապատրաստված չէ։ Պարզ ասած՝ հոգեբուժարանի սանիտարները պետք է ըստ մեթոդաբանության ֆիզիկական ուժ կիրառեն. - «Օրինակ, գլուխը պահել, ձեռքը ոլորել, ոտքը որոլեր... ի՞նչ պետք է անի, ֆիզիկական ուժի կիրառումը ո՞նց պետք ա արվի»։

Իսկ այս դեպքում, ասում է, իրավապահները պետք է պարզեն այս ֆիզիկական բռնությունն իրավաչափ է, թե ոչ։

Փաստաբան Արմինե Դավթյանը պնդում է, որ տևական ժամանակ հոգեբուժարանում բուժում ստացող իր պաշտպանյալը չէր կարող կտրուկ ագրեսիվանալ և զսպման կարիք ունենալ։ Դավթյանը վստահ է, որ տղամարդուն ոչ թե զսպել են, այլ ծեծել։

Հոգեբուժարանի տնօրենը համոզում է՝ ծեծը հոգեբուժարաններում անցյալում է մնացել. - «Չորս տարի առաջ, հինգ տարի առաջ, տաս տարի առաջ, այո, բռնություն տեղի ունեցել է բաժանմունքներում համատարած։ Հիմա էդ բռնությունը չկա»։

Նուբարաշենի հոգեբուժարանի հինգերորդ բաժանմունքում տեսանք ծեծված կամ ֆիզիկական ուժով զսպված տղամարդուն, ասաց, թե գլխացավեր ունի, որովհետև հիվանդապահը ծեծել է իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG