Մատչելիության հղումներ

Հանրապետականներն ապահովեցին ԱՄՆ Ներկայացուցիչների տունը վերահսկելու համար անհրաժեշտ 218 մանդատը


ԱՄՆ դրոշը Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի դիմաց, արխիվ
ԱՄՆ դրոշը Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի դիմաց, արխիվ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ապահովել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար անհրաժեշտ 218 մանդատը։ Դեմոկրատներն ունեն 208 մանդատ։ Ընդհանուր առմամբ, պալատում կա 435 տեղ, հետևաբար` 9 տեղերի տերերը դեռ չեն որոշվել։

Նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի վերահսկողությունը մնում է դեմոկրատներին:

Մեծամասնությունը Ներկայացուցիչների տանը հանրապետականներին կընձեռի նախագահ Բայդենի քաղաքական օրակարգի վրա էական ազդեցություն գործելու հնարավորություն:

«Ես ասում էի, որ մենք կվերադառնանք: Հպարտությամբ հայտնում եմ, որ Վաշինգտոնում դեմոկրատների միակուսակցական կառավարումն ավարտվեց: Հավասարակշռությունը Վաշինգտոնում վերականգնվել է: Ամերիկայի ժողովուրդը ստացավ կառավարությունում իր խոսքն ասելու իրավունքը, հանրապետականների ղեկավարությունը պատրաստ է Ամերիկան նորից դնել ճիշտ ուղու վրա», - ասել է Քևին ՄըքՔարթին, ով կուսակցության կողմից կառաջադրվի Ներկայացուցիչների պալատի խոսնակ:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ամերիկացիները ցանկանում են, որ իշխանությունները կենտրոնանան իրենց համար կարևոր խնդիրների վրա։

«Եվ ես կաշխատեմ ցանկացածի հետ՝ հանրապետականների թե դեմոկրատների, ովքեր կցանկանան աշխատել ինձ հետ արդյունքի հասնելու համար», - հայտարարել է նա։

Հանրապետականները նկատել են տվել, որ սատարելու են Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային:

XS
SM
MD
LG