Մատչելիության հղումներ

Ի՞նչ է լինելու տարեցների խնամքի «փոքր տների» հնչեղ, բայց ձախողված ծրագրի հետ


Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 7-րդ փողոցի բնակիչները չգիտեն, թե ինչ գնով, բայց գիտեն՝ այս տունը պետությունն է գնել մի քանի տարի առաջ։

Սպասում, սպասում են՝ հարևաններ չկան. - «Թող գան ապրեն։ Եթե լավ հարևաններ ենք ունենալու, խնդիր չկա»։

Տունն առանց այդ էլ մի լավ վիճակում չէր, գնալով ավերվում է։

Տան դուռը փակ է, բայց բակն ու տնամերձ հատվածը հնարավոր է տեսնել։ Սոցապ նախարարությունն այս տունը երեք տարի առաջ գնել է 26 միլիոն 730 հազար դրամով, մոտ 67 հազար դոլարով։

Մրգաստանցիներն ապշում են. - «Վաթսուն հազար դոլարով կարելի ա աշխարհը առնել»։

Սոցապի այս և ևս մեկ այլ՝ Ակնաշեն գյուղում տան գնման թեման քրեական ընթացք է ստացել։ Օրեր առաջ դախազությունը հաղորդագրություն տարածեց, որ նախարարության նախկին պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման ու կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեկաան գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Լեքսհաբ» ընկերության տնօրենին։ Նա է նախարարության պաշտոնյաների հետ համատեղ խոշոր չափի հափշտակություն կատարել՝ ավելի քան 17 միլիոն դրամ։

Առանձնատներն ըստ փաստաթղթերի բնակության համար պիտանի են եղել, ունեցել են երկու սանհանգույց, հետո պարզվել է, որ այդ ամենն իրականության հետ կապ չունի։ Մրգաստանում թվանոց այս տան գործող սանհանգույցը բացօթյա էր։

«Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն», - արձանագրել է դատախազությունը:

Ովքե՞ր են Սոցապ նախարարությունից ներգարվվել այս կոռուպցիոն սխեմայում։ Դատախազությունը այս դեպքում անուններ չի տալիս և երկու օր է անպատասխան է թողնում մեր հարցումները մեղադրյալների շրջանակը հստակեցնելու մասին։

Փոքր տներում տարեցների խնամքը կազմակերպելու ծրագրի մասին նախարարությունն ազդարարում էր վաղուց, ապա «ինստիտուցինոլացում» հնչեղ խորագրով։ Ահա այս մի քանի տները գնվել են, որպեսզի օրինակ ծերանոցից մի քանի տարեցներ գան այստեղ և ապրեն ավելի ընտանեկան միջավայրում։

Շուկայականից զգալի թանկ գնված այս տների գործարքն իրականացվել է ՔՊ-ական Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման տարիներին, հիմա նա պատգամավոր է։ «Որևէ խնդրի մասին տեղյակ չեմ եղել», - ասել է նա այս թեմայով լրագրողների հարցին ի պատասխան։

Նախարարության գլխավոր քարտուղար Ստեփան Մաչյանը, ըստ դատախազության հաղորդագրության, տեղյակ է եղել։

Մաչյանը Բաթոյանի քրոջ տեգրն է։ Հիմա նա Երևանի փոխքաղաքապետն է և հրաժարվեց պատասխանել որևէ հարցի։

Քրեական պատմությունը՝ իր հունով, բայց ի՞նչ է ի վերջո լինելու փոքր տների հնչեղ, բայց ձախողված ծրագրի հետ։ Սոցապ նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանի տեղեկացմամբ, այդ հարցը կհստակեցվի Ակնաշենի, Մրգաստանի ու Գեղակերտի տները նախ նորոգելուց, բնակելի դարձնելուց հետո. - «Այնտեղ կապրեն, բնականաբար, խոցելի խմբեր, տարեցներ կամ, օրինակ, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող շահառուներ։ Շահառուների շրջանակը այս պահին դեռ վերջնական չէ»։

Գեղակերտի տունն արդեն նորոգվում է, Զառա Մանուչարյանի տեղեկացմամբ՝ մյուս երկու տների նորոգումը կսկսվի ու կավարտվի եկող տարի. - «Ակնաշենում շինարարական աշխատանքների համար նախահաշվային գին է սահմանվել շուրջ 63,5 միլիոն դրամ, Մրգաստանի դեպքում՝ շուրջ 67,9 միլիոն դրամ։ Կառուցման աշխատանքներ, ջեռուցում, օդափոխություն, ներքին հարդարանք, արտաքին հարդարանք, ամբողջը իրար հետ էս գինն ա եղել»։

Ստացվում է, որ գյուղական այս տունը Արմավիրի մարզում, որ գնվել է 67 հազար դոլարով, որպես պատրաստի, բնակելի տուն, դեռ պետք է 170 հազար դոլարով նորոգվի, որ դառնա տուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG