Մատչելիության հղումներ

Վանաձորի «Հանրապետության» պուրակում բարձրահարկ շենք է կառուցվում


Վանաձորի «Հանրապետության» պուրակից առանձնացված հատվածում բարձրահարկ շենք է կառուցվում այն դեպքում, երբ շինթույլտվությամբ կառույցը միայն երկու հարկ պիտի ունենար։

Նորակառույցի մի կողմում Գեղագիտական կենտրոնն է, մյուս կողմում՝ Տիկնիկային թատրոնը։ Վանաձորցիներն ասում են՝ մեկ տարի առաջ այստեղ հզիվ երևացող մի ցուցանակի վրա տեսել են երկհարկանի շենքի նախագիծը, բայց այսօր բոլորի աչքի առաջ արդեն շենքի հինգերորդ հարկն է բարձրացվում, անարգել։

Մշակութային երկու օջախների արանքում սկսված շինարարութունը մեկ տարի առաջ համայնքի ավագանիում դժգոհություն էր առաջացրել։ Նախկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունն իշխանությունից բացատրություն էր պահանջում՝ ինչպե՞ս է եղել, որ համայնքապատկան, սեփականաշնորհման ոչ ենթակա պուրակից մոտ 200 քառակուսի մետր անջատվել ու ընդամենը մեկ միլիոն դրամով վաճառվել է։ Ավելի ուշ ևս 120 մետր է ստացել սեփականատերը՝ արդեն առանց ավագանու, ուղիղ վաճառքի ձևով։

Հայկազ Սիմիկյանը, որ ընդդիմադիր ավագանիներից մեկն էր այդ ժամանակ, մինչև հիմա չի հաշտվում, թե ինչպես կարելի էր պուրակի տարածքը կրճատել ու վաճառել սպասարկման օբյեկտի համար. - «Մարդիկ ոչ թե բողոքում են, որ անարդար ա, բողոքում են, որ դա իրենցը չէ: Ողջ խնդիրը դրա մեջ է: Ոչ թե բողոքում են, թե խի են էդտեղ սարքում ռեստորան կամ չգիտեմ ինչ, բոլորը բողոքում են, թե խի իրենցը չի: Եթե հաշտվեցին էն մտքի հետ, որ դա պետք է բան լինի, ոչ մեկը չի բողոքում, թե դա ինչի են ուրիշ բան սարքում, ամբողջ խնդիրը՝ իրենցն է, թե չէ, եթե իրենցը լինի, էլ չի բողոքի: Ասես՝ կուզես, քեզ տա՞մ, կասի՝ հա, խնդիր չէ: Կես ժամ հետո էտ բողոքը կվերջանա»:

Ի դեպ, նույն օրը ավագանին որոշել էր գումար հատկացնել ու նույն այդ պուրակը նորոգել կառավարության տված սուբվենցիայով։ Սուբվենցիոն ծրագրում 4000 մետրանոց պուրակի նկարագրության մեջ նշել են. - «Հանրապետության պուրակը հանդիսանում է Վանաձորի գեղատեսիլ վայրերից մեկը։ Այստեղ տեղադրված են հուշակոթողներ և խաչքարեր։ Գտնվում է անբարեկարգ վիճակում։ Տիկնիկային թատրոնի և Գեղագիտական կենտրոնի հարևանությամբ գտնվող պուրակը բարեկարգելով՝ զբոսաշրջիկների և երեխաների համար կստեղծվեն հանգիստը կազմակերպելու հաճելի պայմաններ»։

Հայտը բարեհաջող ուղարկել են կառավարություն, ու դրանից երկու ամիս անց համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը որոշել է փոխել հենց այս ավելի քան 200 քառակուսի մետրանոց հողամասի նշանակությունն ու դարձնել հասարակական կառուցապատման հողամաս։ Օրեր անց ավագանին հողի գինն է որոշել, ու աճուրդի հանել։

Փաստաթղթերով տարածքի սեփականատերը Տիգրան Բաղրամյանն է, ով ապրում է Ռուսաստանում։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի տեղեկություններով, նա փոխկապակցված է նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք կրթության բաժնի պետ Գոռ Բադյանի հետ։ Վերջինս նախկինում հերքել է այս տեղեկությունը։ Վանաձորցիների կասկածները, սակայն, չեն փարատվել։

«Հիմա խոսակցություն կա, որ սա դառնալու է հյուրանոց։ Բայց նաև խոսակցություն կա, որ էն անձը, ում օտարել են, ուղղակի իրա անունն ա օգտագործվել, իսկ իրականում պատկանում ա Վանաձորի համայնքապետարանի նախկին բաժնի պետերից մեկին և նախկին համայնքապետի եղբոր որդուն», - «Ազատությանն» ասաց վանաձորցի մի երիտասարդ։

Ի վերջո, ի՞նչ է կառուցվում մանկական երկու կարևոր կենտրոնների միջև։ Շինարարության մեկնարկից մեկ տարի անց տարածքում տեղեկատվական որևէ ցուցանակ չկա։ Փաստաթղթերից հստակ է, որ շինարարությունն իրականացնում է Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Ռ. Ղազարյան» ընկերությունը։ Ղեկավարին հնարավոր չեղավ գտնել։ Շինարարները քչախոս էին։ Բանվորներից մեկն ասաց՝ էլիտար բնակելի շենք են կառուցում։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որի անունը շենքը նախագծող ընկերության հետ է առնչվում, հրաժարվեց մանրամասներ ասել, հղում արեց արդեն մեկ տարի կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի քրեական գործին, որի շրջանակներում դատարանը քննում է նաև այս հողակտորի սեփականաշնորհման օրինականությունը։

Ի դեպ, ինքը՝ ճարտարապետ Աբովյանը ևս այս գործով ամբաստանյալ է, չնայած, ի տարբերություն նախկին համայնքապետի, կալանքի տակ չէ ու մնում է իր պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG