Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Պեմզաշենում մոր ու երկու զավակների սպանության կասկածանքով ձերբակալվածներին կալանավորելու հարցը


Ոստիկանությունը շարունակում է հսկողություն իրականացնել Պեմզաշենում։
Ոստիկանությունը շարունակում է հսկողություն իրականացնել Պեմզաշենում։

Պեմզաշենցի երիտասարդ կնոջ ու նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված երկու անձինք նրանց համագյուղացիներն են։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ դատարանն այսօր քննում է երկու կասկածյալներին կալանավորելու հարցը, մինչ այս պահը որոշումը չի հրապարակվել։ Կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ՝ այդ դեպքի մասին նոր հաղորդագրություն կտարածեն, սպասում են կալանքի որոշմանը։

Թե ովքեր են կասկածյալների փաստաբանները, հայտնի չէ։ Փաստաբանների պալատի Շիրակի մարզի համակարգողը «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ պեմզաշենցի տղամարդկանց պաշտպանությամբ մարզից որևէ փաստաբան ներգրավված չէ։

Ողջ Հայաստանը ցնցած դեպքի մասին շատ մանրամասներ իրավապահները դեռ չեն հաղորդում։ Պարզ չէ, թե ինչն է եղել դաժան սպանության շարժառիթը։ Ըստ Քննչական կոմիտեի, 31-ամյա կնոջ, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերի վրա կտրած-ծակած վերքեր են եղել, ընդ որում՝ կնոջ և որդու ձեռքերը կապված են եղել։

Մինչ դեպքի մանրամասներից շատ բան հայտնի չէ, ոստիկանությունը շարունակում է հսկողություն իրականացնել Պեմզաշենում։ Հսկում են նաև այն տունը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Պեմզաշենցիներից շատերն այսօր հրաժարվում էին խոսել ահասարսուռ դեպքի մասին։ Ամեն դեպքում ասում էին, որ կատարվածից դեռ շոկի մեջ են, հատկապես, որ սպանության մեջ կասկածվողները համագյուղացիներ են։

Պեմզաշենցի մի տղամարդ կասկածյալներից մեկի մասին ասաց. - «Էդ մարդուց հեչ գյուղի մեջ անշնորհք բան չենք տեսել, էսօր եթե էդիկ վրես հաստատվավ... ի՞նչ իմանաս։ Օրենքը թող պարզե»։

«Կասկածյալը տաս օր կեղնի, որ խոպանից էկել է, արտագնա աշխատանքից», - երկրորդ կասկածյալի մասին ասաց մեկ այլ պեմզաշենցի։

Պեմզաշենցիները ցույց տվեցին երկրորդ ձերբակալվածի տունը։ Ասացին, որ կասկածյալների ընտանիքները գյուղից տեղափոխել են. - «Գյուղում չեն։ Թե ուր են, էդի հեչ մարդ չիդե»։

Անցած շաբաթ տեղի ունեցած սպանությունից հետո քրեական գործ էր հարուցվել սպանության և անչափահասի սպանության հոդվածներով։

XS
SM
MD
LG