Մատչելիության հղումներ

«4090» հիմնադրամը տարին ամփոփում է «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգով


«Սիմֆոնիկ Մանսուրյան»՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության. այս խորագիրն է կրում նոյեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայանալիք համերգը, որը նախաձեռնել և կազմակերպել է «4090» բարեգործական հիմնադրամը։

«Ամբողջ նախագծի իմաստը այն է, որ համերգի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն վայելելու է մանսուրյանական կախարդանքի երաժշտությունը, այլ նաև հնարավորություն ունի տոմս գնելու և աջակցելու մեր հիմնադրամի հիմնական նպատակին, այն է՝ տրամադրել կրթավճար պատերազմի մասնակից տղաներին, ովքեր սովորում են այս պահին Հայաստանի տարբեր բուհերում։ Մեր հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին, 44-օրյա պատերազմից հետո, վերջին արցախյան պատերազմից հետո, և մեր հիմնական նպատակն է տրամադրել կրթավճար քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներին, ովքեր, չնայած տարբեր ֆիզիկական և հոգեբանական խոչընդոտների, շարունակում են իրենց ուսումը Հայաստանի տարբեր բուհերում։ Այս պահին մենք ունենք 60 շահառու, իրենք սովորում են տարբեր բնագավառներում, ունենք ապագա բժիշկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններում սովորողներ, կոնսերվատորիայից ունենք ուսանող Լոռի, Շիրակ և այլ մարզերից», - նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

Համերգի ընթացքում կհնչի Տիգրան Մանսուրյանի հանրահայտ սիմֆոնիկ երաժշտությունը, որը հնչում է հայկական շատ սիրված ֆիլմերում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային կատարումները կուղեկցվեն հայտնի ֆիլմերից կինոդրվագներով։ Համերգին մաեստրոն անձամբ ներկա կգտնվի։

Ինչպես ընդգծում է Իրինա Փահլևանյանը, հիմնադրամը ստեղծելիս իրենք նպատակ են ունեցել իրենց շահառուներին աջակցություն տրամադրել ամենաբարձր մակարդակով տարբեր հովանավորների՝ այդ թվում և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։ Հենց հիմնադրամի անվանումը՝ «4090», նրա խոսքով, խորհրդանշում է Արագածի ամենաբարձր գագաթը, որի բարձրությունը 4090 մետր է. - «Մենք վերցրել ենք ամենաբարձր նշաձողը, մեր նպատակն է մեր տղաների կյանքը փոխել հենց կրթության միջոցով, հնարավորինս իրենց բարձրացնել, որովհետև մենք աշխատում ենք ոչ միայն զուտ կրթավճար տրամադրելով, այլ փորձում ենք իրենց ծանոթացնել հետաքրքիր մարդկանց հետ, կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր համագործակցությունը սկսել ենք առաջին իսկ օրերից, երբ որ մենք ստացանք առաջարկ Սիմֆոնիկ նվագախմբից, որպեսզի տղաները մասնակցեն համերգների։ Եվ ժամանակ առ ժամանակ իրենց հետ գնում ենք դասական համերգների, գնում ենք պատկերասրահ և այլն, այսինքն՝ փորձում ենք տարբեր ձևերով իրենց ինտեգրել քաղաքացիական կյանք»։

Իրինա Փահլևանյանի խոսքով, իրենց գործունեության այս մեկ ու կես տարվա ընթացքում իրենք վերածվել են մի մեծ ընտանիքի, որի անդամներից յուրաքանչյուր հետ շատ մեծ սիրով և հարազատությամբ են կապվել. - «Ունենք տղաներ, որ անցան անվճար հիմունքով սովորելու, այսինքն՝ շարունակում են մնալ մեր մեծ ընտանիքի անդամ, բայց էս պահին մեր շահառուն չեն, որովհետև մենք չենք ֆինանսավորում, քանի որ իրենց առաջադիմությունը բարձր է ու անցել են անվճար հիմունքով։ Ունենք տղաներ, ովքեր փոխանակման ծրագրով այս պահին սովորում են արտասահմանում մեկ կիսամյակ և հետո վերադառնալու են, շարունակեն ուսումը Հայաստանում։ Ընթացքում արդեն նախատեսել ենք տարբեր միջոցառումներ, տարբեր դասընթացներ, այդ թվում նաև հատուկ հմտություններ զարգացնելու, կարողություններ զարգացնելու դասընթացներ, որովհետև դրա կարիքը հիմա, այս օրերին հատկապես շատ ունեն իրենք։ Այս տարվա մեր վերջին, ամփոփիչ և ամենամասշտաբային ծրագիրն է «Սիմվոնիկ Մանսուրյանը»։ Մինչ այդ մենք արել ենք տարբեր միջոցառումներ, բայց սա մեզ համար ամենամասշտաբայինն է։ Անհամբեր և սրտատրոփ սպասում ենք այդ միջոցառմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG