Մատչելիության հղումներ

Ո՞ւմ շփոթմունքի պատճառով է այլ փողոց հիմնանորոգվել. Սարատակի հանելուկը


Վարչապետի Նիկոլ Փաշինյանի նշած շփոթմունքը հիմնանորոգված փոողցների վերաբերյալ Շիրակի մարզի Սարատակում է եղել։

«Մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ որ հրապարակվել է, և հետո պարզվել է, որ ոչ թե էդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ մի հատ ուրիշ փողոց է հիմնանորոգվել, և խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց այն փողոցը, այսինքն՝ շփոթվել, այդ փողոցն են հիմնանորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Կառավարության օժանդակությամբ պետք է ասֆալտապատվեր Սարատակ գյուղի 5-րդ փողոցը, բայց ասֆալտապատվել է 4-րդը, որի վրա գտնվում է 15 տարի համայնքը ղեկավարած Միշա Ղզրոյանի տունը։

«Նման բան չկա», - ասում է Ղզրոյանը

«Վարչապետի ելույթը կառավարության տեսնելուց տեսանք, որ հայտարարեց 5-րդ փողոց, մոտեցանք վարչական ղեկավարին, ասաց, որ վարչապետը շփոթել, 4-րդի փոխարեն ասել է 5-րդ փողոց, դա վարչապետի շփոթմունքն է, նույնը՝ մարզպետարանը, համայնքապետարանը, մեզ այդպես պատասխանեցին, հետո ես եմ դիմում գրել վարչապետին, որ ստեղ սենց բաներ են ասում, որ Դուք շփոթել են: Կառավարության նիստի ժամանակ էլ նորից ասաց, որ իրենք են շփոթել՝ 5- ի փոխարեն 4-ն են արել: Հիմա մենք չենք հասկանում՝ վարչապետն է շփոթում, թե համայնքապետարանը», - ասում է տուժած 5-րդ փողոցի բնակիչներից Զավեն Մնացյանը:

Նա վստահ է՝ իրենց փողոցը չասֆալտապատելու պատճառն այն է, որ բնակիչները 2012-ի ընտրություններում Ղզրոյանին չեն ընտրել. «Մենք էլ իրեն չընտրելու համար՝ նախկին համայնքապետին, այդ պատճառով էլ 5-րդ փողոցը չի ասֆալտապատվել: Էստեղ էլ ահավոր փողոցներ կան, էլի մենք մեր էս փողոցի բնակիչների ուժերով ենք բերել, սարքել»:

Սարատակցին պնդում է՝ նույն պատճառով էլ 5-րդ փողոցի բնակիչները լուսավորությունից են զրկվել:

Միշա Ղզրոյանը 15 տարի ղեկավարելուց հետո համայնքապետի պաշտոնը թողել է այս տարի, երբ Սարատակը մտել է խոշորացված Արթիկ համայնքի կազմի մեջ։ Նա չի ընդունում, թե իրեն չընտրելու պատճառով է «վրեժ լուծել» 5-րդ փողոցի բանակիչներից. «Մեր գյուղի մեջ ի՞նչ վրեժ լուծել, եթե ամեն ինչ արած է 4-րդը, ու ոչ մեկը շահագրգռված չէ, որ 5-ը եղնի, ինչի՞ համար 5-ը եղնի, էդ հարցը ես էլ կտամ ինձ: Հա, ես եմ հաստատել, քանի որ ես ի սկզբանե գիտեցել եմ 4-րդ, երբևիցե ուշադրություն չեմ դարձրել, ու էդպես էլ 5 է գնացել: Փաստաթղթում 5 է գրված, բայց ինչպես որ նախատեսված է, էն էլ արած է»:

Իսկ վրիպակով իրավապահներն են զբաղվում։ Շիրակի մարզի դատախազությունից փոխանցեցին, որ հարուցված քրեական վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղից դեռ մեկնաբանություն չունեն։ Մինչ իրավապահներն ուսումնասիրում են, դեռևս նախկին համայնքապետի տան փողոցն էլ ամբողջությամբ չի ասֆալտապատվել, ըստ Ղզրոյանի՝ 22 միլիոն դրամը 360 մետր ասֆալտապատմանն է հերիքել։ Իսկ մինչ այդ շփոթմունքից տուժած 5-րդ փողոցում շարունակում են քարուքանդ ճանապարհով երթևեկել, կառավարության աջակցությամբ փողոցի բարեկարգման հերթը հասնելու է հաջորդ տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG